«Սյունիքի մարզային քննչական վարչությունն առգրավել է Մաքսիմ Հակոբյանի որդիներին պատկանող Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերությունից բոլոր աշխատակիցների անձնական գործերի և սանիտարական գրքույկների բնօրինակները: Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ ընկերության աշխատակիցների՝ բրուցելոզով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ վարակի պատճառը պարզելու համար:

«Ի դեպ, նմուշներ են վերցնել նաև սպանդանոցում կատարվող մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման և մսամթերքի մշակման ընթացքում աշխատակիցների կողմից օգտագործվող պաշտպանական միջոցներից (խալաթ, ձեռնոց, գլխարկ, ակնոց և այլն): «Առավոտ»-ն արդեն տեղեկացրել է, որ Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերության սպանդանոցի աշխատակիցները՝ ընդհանուր թվով 18 հոգի, դիմել են բժշկական կենտրոն՝ բուժօգնության, և նրանց բոլորի մոտ ախտորոշվել է «Բրուցելոզ» հիվանդություն: Նրանք նախկինում այդ հիվանդության վարակակիրներ չեն եղել և 2014թ. ընթացքում սպանդանոցում կատարված մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման և մսամթերքի մշակման ընթացքում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետևանքով են ձեռք բերել «Բրուցելոզ» , որն ախտորոշվել է վերջիններիս արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքում:

«Գյուղարտ» ՓԲ ընկերության հիմնադիրներ են համարվում ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ և ԼԱՄԱՔՍ ԳՐՈւՊ սահմանափակ պատասխանատվության ընկերությունները: Իսկ ԼԱՄԱՔՍ ԳՐՈւՊ-ի հիմնադիրը Մաքսիմ Հակոբյանի որդիներն են»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: