«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է պայքարել շենքի պահպանման համար: 

Աֆրիկյանների ակումբը հանդիսանում է Երևանի պատմության մասին վկայող ճարտարապետական եզակի հուշարձաններից մեկը: 

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է՝ մոտ 130 տարվա պատմություն ունեցող շենքը բանտարկված է «Ավելի բարեկարգ Երևան» խոստացող պաստառներով, մինչդեռ արդեն փլուզվել են շենքի ետնամասը, տանիքը և պատշգամբը, անհետացել են դիմային ճակատը զարդարող մետաղական ճաղերը: Սակայն դեռ կանգուն է Աֆրիկյանների ակումբի գլխավոր ճակատը` յուրահատուկ և բազմազան զարդաքանդակներով:

Կոչ ենք անում զգոն լինել և պատրաստակամ՝ միանալու Աֆրիկյանների ակումբի շենքի պաշտպանության շարժմանը: Մենք հետևում ենք քանդման նախապատրաստական աշխատանքներին և սոցիալական ցանցերում պարբերաբար տեղեկացնում նորանոր զարգացումների մասին: Միացե՛ք մեր խմբին, տեղյակ եղեք և մասնակցեք: Միասին մենք կարող ենք ապրեցնել մեր քաղաքը: 

Հունիսի 9-ին, երբ ակտիվիսները քանդում էին շենքը շրջապատող պարիսպները, ժամանեց ոստիկանությունը և պահանջեց որոշակի պարզաբանումներ: Քաղաքացիները ասեցին, որ իրենք ուղղակի փորձում են փրկել այս մեծ արժեք ունեցող շենքը, սակայն արդյունքում սկսվեց քաշքշուկ: Ձերբակալվեց քաղաքացի Վահագն Գևորգյանը: Համախմբվելով՝ մնացած ակտիվիսները այլևս չթողեցին հետագա ձերբակալություններ և շարժվեցին դեպի Կենտրոնի ոստիկանություն, որտեղ գտնվում էր նաև իրենց ընկերը: 

Լուսանկարը՝  Հայկ Բիանջյանի