Ներկայումս 90-ից ավելի անձինք հանդիսանում են Երևանի պատվավոր քաղաքացիներ։ Երևանի առաջին պատվավոր քաղաքացի է դարձել գիտնական Վիկտոր Համբարձումյանը (կոչմանը արժանացել է 1983 թվականին)։ 

Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանը Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացել է 1984թ.-ին:

Նա համարվում է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս։ Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 

Գոհար Գասպարյանն ուներ ձայնային լայն դիապազոն՝ փոքր օկտավայի սոլ հնչյունից մինչև երրորդ օկտավայի լյան, անբասիր տեխնիկա. նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ։ Նրան հատուկ էր կատարվող ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական բովանդակության խոր դրսևորում և համոզիչ իմաստավորում։ Բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից է։

Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»։ Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին։

Նշենք նաև, որ Երևանի պատվավոր քաղաքացի է հանդիսանում նաև Գեներալ-լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս Սարգիս Մարտիրոսյանը: