Մայրաքաղաքի ծննդյան 2797-ամյակին նվիրված տոնական միջոցառումներն ավարտվեցին շքեղ հրավառությամբ:

Մեր ջերմ ու բարի մայրաքաղաք Երևանը մի քայլով էլ մոտեցավ 3000-ամյակի շեմին:

Մայրաքաղաքի ծննդյան 2797-ամյակին նվիրված միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մեծ գալահամերգով, որին մասնակցել են բացառապես հայկական էստրադայի երգիչներն ու երգչուհիները:

Հանրապետության հրապարակում հավաքված բազմահազար երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ունկնդրելու գեղեցիկ ձևավորմամբ ու ճաշակով մատուցված տոնական համերգի երգացանկում ներառված ինչպես հայրենիքին ու Երևանին նվիրված, այնպես էլ հանրահայտ այլ երգեր: Հնչած գրեթե բոլոր երգերին ձայնակցել, երբեմն նաև երգին համահունչ շուրջպար են բռնել մայրաքաղաքի տոնը Երևանի սրտում միասնաբար նշող երևանցիներն ու քաղաքի հյուրերը: