Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` պարբերաբար նեղ մասնագետների հետ համատեղ քննարկվում է երեխաների բուժման հետագա ընթացքը, կատարվում է առողջական վիճակի գնահատում: Տղաներն այս փուլում ստանում են բազմապրոֆիլային բուժում:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից ։

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը: Մանկաբարձագինոկոլոգիական տեսանկյունից` նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հղին ունի ցավեր կրծքավանդակի շրջանում` պայմանավորված սալջարդերով: Պարբերաբար կազմակերպվում են նեղ մասնագիտական խորհրդատվություններ: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և պտղի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանցից երկուսը գտնվում են քիթ-կոկորդ-ականջաբանության, մեկը` նյարդավիրաբուժության բաժանմունքներում, բոլորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: