20-րդ դարի սկզբին Երևանն ուներ արդեն իր ճարտարապետական ուրույն դիմագիծը, և այդ դիմագծի հիմնական կերտողները հանդիսացան տաղանդավոր ճարտարապետներ Վասիլի Միրզոյանն ու Բորիս Մեհրաբյանը: Նրանց անունները, ցավոք, խորհրդային տարիներին հանիրավի մոռացության էին մատնված: Եթե 1991-ի անկախության վերականգնումից հետո մեր հասարակությունն ավելի իրազեկված լիներ Երևանում դեռևս գոյություն ունեցող հին շենքերի առկայության վերաբերյալ, ապա հնարավոր կլիներ շատ ավելի պատմական կառույցներ պահպանել և այդպիսով այդ կառույցները որպես մնայուն արժեքներ փոխանցել ապագա սերունդներին:


Սախարովի հրապարակին կից գտնվող Նալբանդյան 48 շենքը կառուցվել է 1901 թվականին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով և այսօր էլ Երևանի ճարտարապետական զարդերից մեկն է համարվում: Իր անկյունային մասով Սախարովի հրապարակը երիզող սև տուֆից երկհարկանի շինությունը կառուցված է եղել պետական միջոցներով, և այստեղ 1901-1917 թթ. տեղակայվել է Երևանի նահանգի գանձապետական պալատը և գանձատունը: Շենքի ընդհանուր ճարտարապետական հորինվածքը կլասիցիզմի ոճով է արված, մասնավորապես գեղեցիկ լուծում է տրված երկու սյուներով շքամուտքին: Վերջին տարիներին շենքը հիմնովին վերանորոգվել է՝ չխաթարելով արտաքին տեսքը, ավելին՝ անգամ վերականգնվել են բացակայող ոճային պատշգամբները, որոնք եղել էին ի սկզբանե:


19-րդ դարի 2-րդ կեսից Ռուսական կայսրության նահանգային կառավարման համակարգում մեծ դերակատարում է ունեցել գանձապետական պալատը և նրան կից գործող գանձատունը: Գանձապետական պալատը փաստորեն ղեկավարում և վերահսկում էր նահանգի ողջ դրամաշրջանառությունը, իսկ այդ պալատները կայսերական ֆինանսների նախարարության ստորաբաժանումներն էին հանդիսանում: Թերևս ոչ բոլորն են ուշադրություն դարձրել, որ Նալբանդյան 48 շենքի ճակատային վերնամասում մինչ հիմա պահպանվել է մի հետաքրքիր փորագրապատկեր: Դա կայսերական ֆինանսների նախարարության խորհրդանշանն է՝ «МФ» (министерство финансов) տառերով:

1918-1920 թթ. այս շենքում է սկսում գործել արդեն Հայաստանի առաջին Հանրապետության ֆինանսների նախարարությունը և որոշ այլ պետական հիմնարկներ: Ի դեպ, առաջին ֆինանսների նախարարը եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Խաչատուր Կարճիկյանը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքը նախ սկսում են օգտագործել որպես հիվանդանոց, հետո այն կրկին դառնում է տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների նստավայր: Այնուհետև երկար տարիներ այստեղ էր գործում գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ներկայումս այն Հայբիզնեսբանկի գլխավոր մասնաշենքն է:

Նշենք, որ 1970-ականների սկզբից Նալբանդյան 48 շենքի կիսանկուղային հարկաբաժնում (մուտքը Նալբանդյան փողոցից) սկսում է գործել և մինչ այժմ էլ դեռ գործում է հանրահայտ «Գինետունը»՝ այն ժամանակվա երևանյան երիտասարդության ամենասիրված ժամանցի վայրերից մեկը: Պանդոկի դիզայներական աշխատանքներն իրականացրել էին ճարտարապետ Ստեփան Սարգսյանն ու քանդակագործ Բենիկ Խաչատրյանը: Հին կամարներով նկուղը ձևավորված էր կարպետներով, կարասներով, փայտյա՝ ծառի հաստ բներից պատրաստված նստարաններով ու սեղաններով: Պատերին և ամենուրեք ազգային ոճով գեղարվեստական պատկերներ էին, իսկ ուտեստը մատուցվում էր կավե ամաններով:

Անդրադառնանք նաև Նալբանդյան փողոցին, որը 19-րդ դարի երկրորդ կեսից Երևանի ամենակարևոր փողոցն էր համարվում՝ Աբովյան (Աստաֆյան) փողոցից հետո: Անցնելով գանձապետական պալատը, այն հատում էր կենտրոնական (Հանրապետության) հրապարակը և շարունակվում դեպի ներկայիս Շահումյանի հրապարակի տարածք: Սկզբում փողոցը կոչվում էր Գուբերնատորսկայա, քանի որ հենց այս փողոցի վրա էր գտնվում Երևանի նահանգապետի նստավայրը: Այնուհետև 1884-ից այն վերանվանվում է զորավար Արշակ Տեր-Ղուկասովի անունով: 1920-ին փողոցն անվանակոչվում է Ազատամարտի, իսկ արդեն 1921-ից՝ սկսում է կրել Միքայել Նալբանդյանի անունը:

Ռուբեն Շուխյան