«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ բացահայտումներ է արել ԱԱԾ ոչնչացված փաստաթղթերի վերաբերյալ: Հիշեցնենք` այս տարվա մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանն իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել էր. «ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել»: Իսկ հոկտեմբերի 23-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ասել էր. «Քրեական գործ չկա… տենց անհետացած, դա ուղղակի ասեկոսներ են, ներքին շրջանառության փաստաթղթեր են, որի օրինակները եղել են, վերականգնվել են»

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերականգնվել է այդ փաստաթղթերի մի մասը միայն, իսկ այս հարցի առնչությամբ ԱԱԾ են հրավիրել ու հարցաքննել ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանին:

Հիշենք, որ դեռևս 2012-ին մամուլի հրապարակումներում գեներալ- մայոր Բարսեղյանի անունը կապվում էր 2004թ. ապրիլի 12-ի և 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ: Նրա ղեկավարած վարչությունն էր գաղտնալսել ընդդիմադիրների հեռախոսազրույցները: Իսկ պաշտոնից նա ազատվել է 2011-ի նոյեմբերին, ըստ լավատեղյակ աղբյուրների, սպասվող պալատական հեղաշրջման փորձերին տեղյակ լինելու, բայց այդ մասին ղեկավարությանը չզեկուցելու պատճառով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննել են նաև ԱԱԾ բոլոր աշխատակիցներին, որոնք կոնկրետ անուն են տվել` մատնացույց անելով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանին ու տեղեկացնելով, որ հենց նա է ասել, որ ոչնչացնեն այդ նյութերը: Դավթյանն, ի դեպ, հեղափոխությունից 1 ամիս անց՝ մայիսի 29-ին, պաշտոնից ազատվել է: ԱԱԾ ներքին քննարկումներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, եզրահանգել են, որ նյութերը ոչնչացվել են, քանի որ դրանք պահելու անհրաժեշտություն չի եղել, ու դա նորմալ պրոցես է: Սակայն աղմուկից հետո մտադրվել են վերականգնել, ինչը մասամբ է հաջողել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: