Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախ կատարած այցին, որտեղ առաջնագծում լինելուց բացի, հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցել պատրաստվող գործիչների` Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ Արցախի նախկին վարչապետ, ներկայումս խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հատկանշական է նաեւ, որ հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Արցախում նախագահի ընտրությանը զուգահեռ 2020 թվականին լինելու է նաեւ խորհրդարանի ընտրություն: ՀՅԴ ներկայացուցչի մասնակցությունը համապետական ընտրության երկու այդ մակարդակից հատկապես ո՞ր մեկի համատեքստում է նշանավորվել Փաշինյանի հետ հանդիպման առումով:

ՀՅԴ-ն իբրեւ կուսակցություն անկասկած կմասնակցի խորհրդարանի ընտրությանը, իսկ կսատարի՞ նախագահի որեւէ թեկնածուի, կամ կունենա՞ իր թեկնածուն: Այդ հարցը համենայն դեպս հրապարակային մակարդակում դեռեւս բաց է: ՀՅԴ Արցախի կոմիտեն բավականին ազդեցիկ է արցախյան ներքաղաքական, հասարակական կյանքում եւ այդ առումով որեւէ թեկնածուի սատարելու դեպքում դա կունենա կարեւոր քաղաքական նշանակություն:

Միեւնույն ժամանակ, այդ առումով հետաքրքիր է, թե արդյոք ՀՅԴ արցախյան ԿԿ դիրքորոշումը հակոտնյա ստացվի ՀՅԴ երեւանյան ղեկավարության դիրքորոշմանը: Համենայն դեպս, ՀՅԴ պայմանական երեւանյան ղեկավարությունը դիրքավորվել է Հայաստանի նոր իշխանության դեմ, սակայն առանցքայինը ոչ թե այդ դիրքավորումն է, այլ այն, որ ՀՅԴ-ն կանգնել է նախկին իշխող համակարգի դիրքերում:

Իսկ Հայաստանի նախկին իշխող համակարգը դիրքավորվում է Արցախի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Վիտալի Բալասանյանի շուրջ: Բալասանյանը չի մասնակցել այդ հանդիպմանը, սակայն հայտարարել է առաջադրվելու որոշման մասին եւ հերթական անգամ «ազդարարել», որ Հայաստանի նոր իշխանությունն ունի Արցախի վերաբերյալ վտանգավոր ծրագիր:

Բալասանյանի այդ հայտարարությունների ակնառու նպատակը Արցախում Հայաստանի նոր իշխանությանը չհամակրող կամ առնվազն կասկածներ ունեցող ընտրազանգվածի մոբիլիզացումն է: Քանի որ հանրային այդպիսի շերտը Արցախում մեծ չէ, Բալասանյանի համար կարեւոր է դառնում հնարավորինս խտացնել գույներն ու մոբիլիզացնել յուրաքանչյուր ձայն:

Մեծ հաշվով, Երեւանի համար Արցախում դա չէ խնդիրը, այլ ընտրական գործընթացի կայուն եւ սահուն, օրինական ընթացքի ապահովումը: Ունի՞ Երեւանը նախընտրելի թեկնածու: Նիկոլ Փաշինյանը դեռեւս մայիսի 20-ի հայտնի ելույթում կոչ արեց արցախցիներին իրենց ձայնը տալ այն ուժերին, որոնք աջակցում են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությանը: Փաշինյանի հետ արցախյան հանդիպմանը մասնակցած բոլոր գործիչներն էլ այդպիսի թեկնածու են, իհարկե քաղաքական վարքագծի տարբեր աստիճանով եւ բովանդակությամբ:

Երեւանն ունի՞ կոնկրետ նախընտրություն: Համենայն դեպս գլխավոր խնդիրը թերեւս կլինի այն, որ Փաշինյանի ազդարարած տրամաբանության շրջանակում թեկնածուներից որեւէ մեկը ի վիճակի լինի հաղթել կայուն եւ իրավական ընտրական գործընթացում: Երեւանն իր հերթին ստանձնում է գործընթացը ավելորդ եւ անիրավ միջամտությունից զերծ պահելու երաշխավորի դերը, ինչպես օգոստոսի 5-ին հայտարարել էր Փաշինյանն արդեն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, նշելով, որ Հայաստանը կերաշխավորի Արցախի հանրության ազատ ընտրության իրավունքը:

Ինչպե՞ս կտնօրինի այդ իրավունքը Արցախի հանրությունը, ի՞նչ առաջնահերթություններով: Միեւնույն ժամանակ, այդ իմաստով էլ կողմնորոշիչ կամ ուղենշային կարեւորագույն ելակետ է Փաշինյանի օգոստոս 5-ի ելույթն իր բովանդակությամբ եւ անտուրաժով:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am