ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսն սկզբում բավականին ուժեղ էր ու հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվեց։
Այսպիսով, առաջիկա գիշերվանից սկսած և վաղը ցերեկվա ընթացքում, շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ։ Բացառություն կկազմեն Գեղարքունիքը, Սյունիքը և Արցախը, որտեղ կանխատեսվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին` մերկասառույց։
Դեկտեմբերի 6-ից տեղումները կդադարեն և մինչև դեկտեմբերի 10-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքի բարձրադիր գոտում կտեղա թույլ ձյուն, ցածրադիր գոտում` անձրև։ Դեկտեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում մոտ 4-5 աստիճանով, սակայն դեկտեմբերի 6-7-ին նույնքանով էլ կբարձրանա»։