Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mercedes մակնիշի 51 DC 051 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ժողովրդին հայտնի «Սև առվում»։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 2 անչափահաս տղաներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սաայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: