«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է լուծել տարիներ շարունակ շահարկվող այն խնդիրը, երբ քրեակատարողական հաստատությունների ղեկավարները արգելում էին պատգամավորներին անարգել տեսակցել կալանավորների հետ:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 48-րդ հոդվածը կոչվում է. «Անարգել մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայրեր և կալանավորվածներին պահելու վայրեր»: Այս հոդվածում թվարկվում է այն պաշտոնյաների ցանկը, ովքեր կարող են անարգել մուտք գործել կալանավայրեր, բայց հստակ նշված չէ տեսակցելու իրավունքի մասին, ինչը նախկին իշխանության օրոք բազմաթիվ անգամներ հիմք է տվել արգելել պատգամավորների տեսակցությունը կալանավորների կամ ձերբակալված անձանց հետ:

Արդարադատության նախարարությունը առաջարկում է լրացնել այդ բացը, և ավելացնելով այսպիսի պարբերություն. «Քրեական վարույթն իրականացնող կամ այլ մարմնի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը չի կարող արգելվել սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված անձանց հետ՝ բացառությամբ եթե այդ անձինք տվյալ քրեական գործով ներգրավված են որպես դատավարության մասնակից կամ վկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: