Վերաքննիչ դատարանը մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու նրա պաշտպանների հայցը, որով պաշտպանները բողոքարկում էին Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Վերաքննիչում դատավարության ընթացքին զուգահեռ, օրերս հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության հանձնախմբի ձևավորման մասին, որը գլխավորում է ՀՅԴ-ից հեռացված Աղվան Վարդանյանը: Նա հայտարարել էր, որ իրենց նպատակն է ձևավորել Քոչարյանի ազատության հասարակական-քաղաքական պահանջ: Դրանով իսկ նա փաստորեն արձանագրել էր, կամա թե ակամա, որ այդպիսի պահանջ գոյություն չունի: Դատարանի վճռից հետո Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հանձնախմբի հավաքած 60 հազար ստորագրության մասին, նշել էր, որ դրա մի մասը գուցե արտերկրի հայրենակիցներ են, միաժամանակ ասելով, թե համոզված է, որ ճիշտ, լավ աշխատելու դեպքում ստորագրությունների թիվը կարող է ավելի մեծ լինել:


Փաստորեն, Լևոն Քոչարյանն էլ իր հերթին, կամա թե ակամա, ակնարկում է մինչ այժմ որոշակի վատ աշխատանքի մասին: Այդ իրողությունները հուշում են թերևս այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կամ հավաքականի գործունեության առնչությամբ կա ներքին որոշակի դժգոհություն և կարծիքների կամ մոտեցումների յուրօրինակ բախում, և այդ իմաստով Լևոն Քոչարյանի հայտարարությունը բավականին հատկանշական է: Մի քանի օր առաջ Լևոն Քոչարյանը հայտարարել էր, որ կա նոր կուսակցություն ստեղծելու հավանականություն, ինչը ևս վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանին ակնհայտորեն չի բավարարում այն արդյունքը, որ արձանագրվում է պաշտպանական նախաձեռնությունների աշխատանքից: Դրան զուգահեռ ակնհայտ է այն, որ երկրորդ նախագահի պաշտպանության խնդիրը լոկ նոր իշխանության հետ դիմակայության հարց չէ, այլ նաև նախկին իշխանության շրջանակում բավականին թեժ մրցակցության, որովհետև ակնառու է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը իր, այսպես ասած, վատ դրությունը փորձում է նվազագույնը օգտագործել նախկին համակարգում առաջատարության հասնելու համար:

Ահա այստեղ է, որ ներթիմային հարաբերություններում որոշակի դժգոհության և կասկածների նուրբ ազդակները դառնում են հետաքրքիր, և հնարավոր է, ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանն է դժգոհում կառավարման համակարգում հեղափոխությանը ցուցաբերվող դիմադրությունից կամ սաբոտաժից, այդպես էլ Ռոբերտ Քոչարյանը, ըստ երևույթին, դժգոհում է կամ կասկածում, որ իր պաշտպանության կազմակերպման գործում կա առերևույթ նախկին իշխանության կոնսոլիդացիա, սակայն խորքային առումով՝ նախկին իշխող համակարգի որոշակի սաբոտաժային դիմադրություն:


Այդ իմաստով, թեև Ռոբերտ Քոչարյանը մնում է կալանքի տակ և թվում է, որ ներքաղաքական ստատուս-քվոն էլ այդպիսով մնում է նույնը, խորքային առումով ակնառու է, որ Ռոբերտ Քոչարյանը լրջորեն սկսել է մտածել նախկին իշխող համակարգում ստատուս-քվոյի համար պայքարում գործիքակազմի փոփոխության մասին:

Լուսանկարը՝ Photolure-ի