Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը հայտարարությամբ հանդես կգա։ Փաստաբանը վստահեցնում է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։

ԵԿՄ նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Պաշտպանական խումբը բազմաթիվ անգամ է բարձրաձայնել, որ Հայաստանի պայմաններում հնարավոր չէ անձի բուժումն ինտենսիվ իրականացնել, բայց մեր ասածն անտեսվել է։ Բազմաթիվ անգամ դիմել ենք խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ, բայց անհիմն մերժել են», - ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով` Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։

«Փորձում են մարդուն հետ բերել, որ չմահանա։ Հետագա պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի Հանրապետության և դատարանների վրա», - ասաց փաստաբանը։

Նրա խոսքով` պաշտպանական կողմը երկու օրից հայտարարությամբ հանդես կգա։