Ադրբեջանցի Էյվազովի և հայազգի երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի շուրջ առաջացած սկանդալը սենսացիոն հանգուցալուծում է ստացել։ ԵՀՄՖ հայտարարություն է տարածել։

 Երկօրյա քննարկումների արդյունքում Դրեզդենի Semper Opera Ball-ի տնօրինությունը որոշում է ընդունել վերականգնել օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի բացման արարողության տրված պատիվը։

Ըստ Եվրոպայի հայերի միության(ԵՀՄՖ) Facebook-ի էջում տեղադրված տեղեկության`երեկ՝ հունվարի 21-ին, ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանին զանգահարել է Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյը և հայտնել այս որոշման մասին՝ կապված փետրվարի 7-ին Դրեզդենի Semper Opera Ball-ում հայազգի փայլուն երգչուհի, հայտնի սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցության վերաբերյալ։

Հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Համերգի կազմակերպիչները չեղարկել էին հայ երգչուհու ելույթը։

 «Ինչպես ակնկալվում էր՝ տենոր Յուսիֆ Էյվազովն իրեն ուղղված մեղադրանքներին չկարողացավ բավարար պատասխան տալ, սակայն մեղադրանքներ հնչեցին նաև Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյի հասցեին։ Երեկ երեկոյան՝ դոկտոր Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ դոկտոր Ֆրեյը տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների արդյունքում որոշում են ընդունել՝ վերականգնել Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի բացման արարողության տրված պատիվը և խնդրել է ԵՀՄՖ նախագահին այդ մասին հայտնել հանրությանը, ինչպես նաև Ռուզաննա Մանթաշյանի գործակալության՝ Agence Massis Opéra-ի ղեկավար Ռենե Մասսիսին։ Դոկտոր Ֆրեյն իր խոսքում նշել է նաև, որ այդ որոշման մասին Էյվազովն արդեն տեղեկացված է»,–գրված է ֆեյսբուքյան էջում։

Տեղեկացվում է, որ այսօր Ռուզան Մանթաշյանը կտա իր պատասխանը, սակայն անկախ պատասխանի դրական կամ բացասական լինելուց, ԵՀՄՖ նախագահությունը հայտնում է իր շնորհակալությունը դոկտոր Ֆրեյին արդարացի լուծման համար։

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտնում է նաև, որ այսօր սպասում են Semper Opera Ball-ի կողմից ասվածի գրավոր հաստատմանը, որից հետո այս հայտարարությունը կներկայացվի նաև օտարերկրյա մամուլին։