Էջմիածնում օրերս տեղի է ունեցած իրադարձությունն ալեկոծել է քաղաքը։ Հայաստանից արտագաղթել է Մանվել Գրիգորյանի փեսան և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի ամուսին Արտակ Պողոսյանը։ Էջմիածնում նա հայտնի էր որպես ուտող- խմող տղա, մականունը՝ Բուբուկին։

Գեներալի փեսայի անսպասելի արտագաղթը, կամ ավելի ստույգ՝ անհետացումը ինքնին զարմանալի չէր լինի, նկատի ունենալով հանրային ատելության մոթնոլորտը, որում հայտնվել են ԵԿՄ նախկին նախագահի ընտանիքի անդամները։ Ինտրիգն այն է, որ Արտակ Պողոսյանը մենակ չի փախել, այլ ինչ-որ մի կնոջ հետ։ Ըստ օդում կախված լուրերի, ամուսնու անհետացումն անակնկալ է եղել նաև դատավոր Նաիրա Գրիգորյանի համար։

Իրավապահ մարմնին մոտ մեր աղբյուրը հայտնում է, որ Մանվելի Արտակը փախել է, հետը տանելով գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող գումարները։ Փաստորեն, նա իր հետ տարել է Մանվել Գրիգորյանի փողերը։ Ըստ որոշ գնահատականների, ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 մլն 200 հազար դոլար։

Մենք զանգահարեցինք դատավոր Նաիրա Գրիգորյանին, ճշտելու համար, թե երբ է նա վերջին անգամ տեսել իր ամուսնուն և ինչպես կմեկնաբանի նրա անհետացման հետ կապված քաղաքում համառորեն շրջանառվող խոսակցությունները։

Դատավորի հեռախոսին պատասխանեց նրա ազգականներից մեկը։ Լսելով մեր հարցերը, նա հրաժարվեց պատասխանել դրանմց, ասելով․ «Ես ոչ մի հարցի չեմ պատասխանում։ Նաիրա Գրիգորյանը հեռախոսը թողել է տանը»։

Մանվել Գրիգորյանի ընտանիքի համար, ինչպես հայտնի է, լավագույն ժամանակները չեն։ Գեներալը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ և ներկայում ծանր առողջական վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը և որդին ամբաստանյալներ են ապօրինի ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր պահելու, տարատեսակ հափշտակություններ կատարելու մեջ, իսկ մյուս որդին՝ Էջմիածնի ն ախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մեղադրվում է հոր և մի շարք այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Մանվել Գրիգորյանի փեսան՝ Արտակ Պողոսյանը, կամ Մանվելի Արտակը, ինչպես նրան անվանում են, Էջմիածնում մի քանի բիզնես ունի անվանի աներոջ ջանքերով՝ գազալցակայան, տեխնիկայի խանութ, ավտոլվացման կետ, աներձագի՝ Արման Գրիգորյանի հետ ասֆալտի գործարան է աշխատացրել Արմավիրում, եղել է այդ գործարանի տնօրենը։

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը Էջմիածնում տարածվող խոսակցությունները հերյուրանք է համարում։ «Դրանք հերթական հերյուրանքներն են, որոնք շարունակում են տարածել ընտանիքի շուրջ։ Կամ Մանվելն այդ ի՞նչ փողեր ունի, որ Արտակն էլ վերցրել, փախել է։ Մանվել Գրիգորյանը օլիգա՞րխ է, ի՞նչ է»« — ասաց փաստաբանը։ Մեր խնդրանքին, օգնել ճշտել լուրերը, նա պատասխանեց․ «Դա մեկնաբանելու բան չի։ Մարդը քրեական գործով անցնող սուբյեկտ է, վկա։ Բազմիցս գործեր կան անընդհատ հարուցվող։ Ո՞նց կարող է նման բան լինել։ Ես կարող եմ ասել, որ Գրիգորյանների ընտանիքը ինձ համար հարազատ ընտանիք է, ես բոլոր անդամներին ճանաչում եմ ու որևէ մեկի մասին վարկաբեկող լուրեր, տեղեկություններ չեմ լսել»։

Այդ դեպքում կարո՞ղ եք հայտնել Արտակ Պողոսյանի գտնվելու վայրը և նր հեռախոսահամարը։

«Արտակ Պողոսյանի գտնվելու վայրը չեմ կարողանում հայտնել, որովհետև լիազորված չեմ։ Համենայն դեպս ուզում եմ ասել, որ նրանք լավ ընտանիք են ու այդքան գումար էլ չունեին, որ մեկը վերցնի ու փախչի», — պատասխանեց փաստաբանը Forrights.am-ին։

Նյութի աղբյուր՝  https://forrights.am/2020/01/23/%d5%b4%d5%a1%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a3%d6%80%d5%ab%d5%a3%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%83%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b6-%d6%83%d5%a1%d5%ad%d5%a5%d5%ac%d5%9e-%d5%a7-%d5%a5%d6%80%d5%af%d6%80/?fbclid=IwAR2dcyhpJvoJYWF1VFCbwsHrKZCvw8-RGQp12YYgdfEJV4iw5EbgM2K-ukM