ՌԴ նախագահ Պուտինը Երուսաղեմում է, որտեղ մասնակցում է Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որ կազմակերպել է Իսրայելի կառավարությունը: Պուտինը Իսրայելի նախագահի հետ հանդիպմանն ասել է, որ Հոլոքոսթը Ռուսաստանի եւ Իսրայելի ընդհանուր ողբերգությունն է, որովհետեւ դրա զոհ դարձած հրեաների մոտ 40 տոկոսը եղել է Խորհրդային Միությունից:

2015 թվականի ապրիլին Պուտինը Հայաստանում էր, այն մի քանի ղեկավարների շարքում, որոնք եկել էին ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը: Ընդ որում, տեւական ժամանակ Կրեմլը չէր հստակեցնում նրա գալու որոշումը, բայց այդ շրջանում Ռուսաստանի հակահայ քաղաքականությունն ու Թուրքիայի հետ սիրախաղը ստացել էր այնպիսի բնույթ ու մասշտաբ, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան չգալը այլեւս հիմնավորապես կկոտրեր հայ ժողովրդի մի զգալի մասի «հավատն» առ Պուտին եւ Ռուսաստան, մեկընդմիշտ կորցնելով Հայաստանում եւ Կովկասում ՌԴ ոտքի տակի հողը:

Այն, որ Պուտինը ժամանեց լոկ այդ անկումը թույլ չտալու համար, վկայեց հանգամանքը, որ նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի իր ելույթում որեւէ անգամ չարտաբերեց ցեղասպանություն բառը: Նա դրա համար չէր եկել:

Ավելորդ է խոսել այն մասին, որ ՌԴ նախագահը ինչպես այսօր Երուսաղեմում, հինգ տարի առաջ Երեւանում՝ իր ռազմավարական դաշնակից համարվող պետության մայրաքաղաքում կարտաբերեր, որ հայերի ցեղասպնությունն էլ Հայաստանի ու Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունն է:

Մյուս կողմից, գոնե այդ հարցում Պուտինն ազնիվ է: Որովհետեւ հայերի ցեղասպանությունը ոչ թե ընդհանուր ողբերգություն է, այլ ընդհանուր հանցագործություն՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի ընդհանուր հանցագործությունը, որը նաեւ սեւով սպիտակի վրա փաստացի արտացոլված է 1921 թվականի Մոսկվայի պայմանագրում:

1921 թվականին լրանում է այդ պայմանագրի 100-րդ տարելիցը: Մոսկվան ու Անկարան պետք է որոշեն ինչ անել հետո՝ շարունակե՞լ պայմանագրային հավատարմությունն ու հարաբերությունը, թե ոչ: Ավելի շուտ, պետք է թերեւս որոշի Մոսկվան՝ շարունակե՞լ այդ հանցանքի պատասխանատվությունը, թե՞ պատասխանատվություն ստանձնել Հայաստանի առաջ՝ ակնկալելով համարժեք պատասխանատվություն Հայաստանից:

Այստեղ սակայն էական է, թե արդյոք Հայաստանը կկարողանա Ռուսաստանին դնել այդ պատասխանատվության առաջ: Ամբողջ հարցն այն է, որ Ռուսաստանը նահանջելու է այն ժամանակ, երբ պատասխանատվության հարցը բարձրացնելով՝ Հայաստանը շարժվի առաջ:

Ըստ այդմ, Հայաստանին թերեւս արժե քննարկել պայմանները, թե Պուտինը երբ է պաշտոնական այցով ժամանելու Հայաստան: Ի դեպ, մամուլում այդ առիթով հրապարակում է եղել, թե դա լինելու է 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա առաջին պաշտոնական այցից հետո, եւ հնարավոր է, որ Պուտինի պատասխան այցը կլինի 2021 թվականին: Պետք է կազմակերպել Պուտինի Հայաստան այցը հենց 2021 թվականին՝ եթե իհարկե մինչ այդ նա շարունակի նախագահել: Եվ այցը կազմակերպել 2021 թվականի մարտի 16-ին՝ ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի 100-րդ տարելիցի օրը՝ Երեւանում այդ պայմանագրից հրաժարվելու համար:

Նյութի աղբուրը՝ Lragir.am