Lragir.am-ի հարցերին պատասխանել է քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը

Պարոն Գասպարյան, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի և նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքերի միջև ի՞նչ ընդհանրություններ կան: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Կուտոյանը նախքան ինքնասպանություն գործելը տանը կրակել է պատերին, հոգական ծանր վիճակում է եղել: Ի՞նչ իրավիճակի հետ գործ ունենք:

Մենք ունենք Քննչական կոմիտեի հաղորդագրություն, ստիպված ենք հավատալ դրան: Ես մի քիչ չեմ պատերացնում՝ ո՞նց է մարդը գնում տուն ու պարբերաբար սկսում կրակել: Ես ամեն դեպքում հակված եմ ամբողջության մեջ դիտարկելու և Հայկ Հարությունյանի վաղաժամ հեռանալը, և Կուտոյանի, և Աշոտ Կարապետյանի: Ես սա դիտարկում եմ մեկ ամբողջության մեջ՝ հաշվի առնելով, որ նրանք նախկին ժամանակաշրջանի իրականության կրողներն էին: Ոմանք էլ այդ իրականության վերաբերյալ տեղեկատվության կրողներն են: Եթե դիտարկելու լինենք ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու վարկածը, Կուտոյանի դեպքում քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, իսկ դա ենթադրում է, որ գործ ունենք երրորդ անձի հետ, ով ինչ-որ դերակատարություն պետք է ունենար: Եվ պետք է պարզել, թե այդ ով կամ ովքեր են մարդկանց հասցրել ինքնասպանության:

Հաջորդ դիտարկումս հետևյալն է՝ լրատվամիջոցներում հարցադրում կա՝ կարո՞ղ էր այս անձը ինքնասպանություն գործել: Ինքնասպանություն գործելու համար պոզ, պոչ ու մաշկի գույն չկա: Դա բուռն ծագող պահեկան հոգեվիճակ է, որին կարող են նախորդել երկարատև կամ կարճատև հոգեներգործուն հոգեվիճակներ, որոնք հոգեկանի վրա ինչ-որ ազդեցություն են ունեցել: Դրանք կարող են լինել երկարատև սթրեսային ապրումներ, դեպրեսիվ ֆոնի բարձրացում և այլն: Մենք լսել ենք մարդկանցից, որ այս մարդիկ շատ հավասարակշռված էին, և Հայկ Հարությունյանի, և Կուտոյանի մասին են նման մեկնաբանություններ արվել: Ես որքանով գիտեմ, նույնիսկ Հայկ Հարությունյանի գործով չկա նշանակված հետմահու դատահոգեբանական փորձաքննություն: Եթե մենք ուզում ենք պարզել, թե այս անձը այսինչ որակներով և առանձնահատկությամբ կարո՞ղ էր արդյոք այդ ժամանակահատվածում ունենալ այնպիսի ապրումներ, որոնք կարող էին հանգեցնել սեփական կյանքին վնաս հասցնելուն, այդ թվում՝ ինքնասպանության, մենք դրա համար ունենք բազմաթիվ մեթոդներ: Եվ նախաքննության մարմինը կամ արդեն դատաքննությունը պետք է միջնորդեն հետմահու դատահոգեբանական փորձաքննություն իրականացնել, որպեսզի ավելի հստակ լինի, թե այս մարդիկ ինչ հոգեվիճակում են եղել:

Առավել ևս, եթե մենք իրապես ամբողջության մեջ դիտակենք այս երեք նախկին պաշտոնյաների սպանությունը կամ ինքնասպանությունները, ապա նրանք այն մարդիկ են, ովքեր զբաղեցրել են պաշտոններ, որոնք տառացիորեն ենթադրում են հուզական բարձր կայունություն, սթրեսակայունություն, սեփական հույզերը կառավարելու բարձր ունակություն: Եվ սրանք ոչ միայն բարի ցանկություններ են, այլ ուղիղ պրոֆեսիոնալ կարևոր որակ: Այսինքն՝ այս որակները պետք է ունենա անձը, որպեսզի իրեն նշանակեն այդ պաշտոնների: Սրանք պաշտոններ են, որոնք ենթադրում են, որ այդ մարդիկ պետք է շատ կայուն նյարդային համակարգ ունենան և կենցաղային լեզվով ասած՝ բավական դիմացկուն պետք է լինեն արտաքին աշխարհից եկող ցանկացած սթրեսորի նկատմամբ: Եվ պետք է որ դժվար պատկերացնելի լինի, թե այդ ինչ սթրեսորներ են եղել, ինչ պայմաններ են եղել, որ մարդիկ, ովքեր ղեկավարել են այդ գերատեսչությունները, հասել են մի հոգեվիճակի, որ այդ քայլին են դիմում:

Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց հետմահու դատահոգեբանական փորձաքննությունները շատ տեղին կլինեն: Անգամ սովորական օպերատիվ աշխատակցի գործի համար մարդիկ զինվորական բժշկական հանձնաժողովի կողմից անցնում են բազմաթիվ հոգեբանական թեստեր, գնահատվում է նրանց հոգեկան ու ֆիզիկական առողջությունը: Այլ հարց է, թե ինչ մեթոդով է դա արվում, բայց եթե միջին օղակի ղեկավար աշխատելու դեպքում անգամ ենթադրվում է, որ մարդը պետք է անցնի նման հետզոտությունների միջոցով, պարզ է, որ գերատեսչության ղեկավարը պետք է ունենա թե հոգեբանական, թե ֆիզիկական շատ լավ պատրաստվածություն:

Ուստի այս ամենը պարզելու համար, որպեսզի ենթադրություններ չարվեն, որովհետև հարցն ինքնին շատ նուրբ է, այդ փորձաքննությունները պետք է արվեն: Այլ բովանդակություն պետք չէ փնտրել, կա հստակ գործիքակազմ, և դրանցից մեկը բոլոր փորձաքննությունների շարքում նաև հետմահու դատահոգեբանական փորձաքննությունն է: Ես երաշխավորում եմ, որ Հայաստանում կան լավ մասնագետներ, ովքեր արդյունավետ կարող են իրականացնել այդ փորձաքննությունը և ինչ-որ տեղեկություններ տալ վարույթն իրականացնող մարմնին:

Որպես մասնագետ՝ ինչպե՞ս կբնութագրեք այն վիճակը, որ մարդը ինքնասպանությունից մի քանի օր առաջ փակվել է սենյակում ու մի քանի տասնյակ կրակոցներ արձակել:

Տարբեր գործոններով դա կարող ենք պայմանավորել: Ես այս փուլում շատ չեմ ուզում վերլուծել դա, քանի որ հասարակության տարբեր շերտեր տարբեր ակնկալիքներ ունեն, իսկ վարույթ իրականացնող մարմինը քննություն է տանում: Զուտ հոգեվիճակի գնահատման տեսակետից դրանք ծայրահեղ հույզեր են՝ ինչ-որ սթրեսորների ազդեցության տակ: Դա կարող է լինել ծայրահեղ գրգռվածության կամ ծայրահեղ արգելվածության արդյունքում: Մարդու նյարդային համակարգը գործում է գրգռում-արգելակում սկզբունքով: Դա կարող է լինել կամ ծայրահեղ լավածության, ապրումների, կամ շատ տարբեր բաների պատճառով: Եվ որպեսզի սրանց անունները տրվեն, պետք է մասնագիտական վերլուծություն արվի ոչ միայն կոնկրետ վարքը, այս փոքրիկ էպիզոդը, որ մարդը մտել է տուն ու սկսել պատերին կրակել, այլ դատահոգեբանական փորձաքննությունները նրա համար են, որ վերլուծում են անձի հոգեվիճակը, անձի հոգեբանական դիմանկարն են ստանում, որի վերլուծության արդյունքում հանգում են ինչ-որ մասնագիտական հետևության: Արդյոք անձը կարո՞ղ էր այդ էպիզոդիկ քայլն անել և եթե կարող էր, ապա ի՞նչ հույզեր կարող էին այդ մարդուն ստիպել այդ քայլն անել: Այս հարցերի պատասխանը տալիս է ժամանակակից դատահոգեբանական փորձաքննությունը՝ հետմահու: Արդյունքում ունենում ենք հնարավորինս ամբողջական պատկեր, որը ներկայացվում է վարույթն իրականացնող մարմնին: