ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստում բանավեճ -եռախոսություն տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի միջև: «Հոգեբուժական օգնության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ Արման Թոթոյանը կարծիք հայտնեց, թե երբեմն բժիշկները հոգեկան հիվանդություններով տառապողներին հարկադրաբար դեղամիջոցներ են ներարկում, ինչին նախարար Արսեն Թորոսյանն այսպես արձագանքեց: «Չենք ուզում ստեղծվի տպավորություն, թե մենք իրենց կամքին հակառակ, իրենց առողջությանը վնասելով օգնություն ենք ցույց տալիս: Այո՛, բժիշկները միգուցե ունեն թերացումներ, բայց մենք շարունակաբար շտկում ենք՝ անկախ այս օրենքից: Եվ ես ուզում եմ անդրադառնալ բժիշկների պակասին: Այդ ամեն ինչն արվում է դանդաղ, որովհետև չենք կարող կրկնակի ու եռակի միանգամից ֆինանսավորել»,- նշեց նախարարը:

Վարչապետն ընդհատեց նրան. «Ես միշտ լավ չեմ հասկացել այդ գերատեսչական համերաշխության կուլտուրան, որ վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք: Բայց գիտենք չէ՞, որ դա ավանդաբար եկել է»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման կարգը, հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով: