«Հայրենիք» զարգացման հիմնադրամը ես գրանցեցի շուրջ 1-1.5 ամիս առաջ, հիմնական նպատակն այն է, որ ես շատ եմ կարեւորում քաղհասարակության դերը մեր երկրում: Այս մասին հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Առհասարակ բոլոր այն պետությունները, որոնք որդեգրել են ժողովրդավարության սկզբունքը եւ ժողովրդավարական երկրներ են, պետք է ունենան շատ զարգացած եւ ուժեղ քաղհասարակություն: Ինչ-ինչ պատճառներով նախկին իշխանությունների ժամանակ պետությունը մեծ ուշադրություն չի դարձրել քաղհասարակության զարգացմանը, այդ իսկ պատճառով այդ դաշտը գրավել են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), որոնք ֆինանսավորվում են դրսից, եւ այդ քաղհասարակության ներկայացուցիչները հիմնականում հանդիսանում են այդ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Այսօր՝ հեղափոխությունից հետո, հասարակական կազմակերպությունների դաշտը գրեթե մնացել է դատարկ, որովհետեւ ՀԿ դաշտի շատ ներկայացուցիչներ ներգրավվել են այսօրվա իշխանությունների մեջ: Բացի այդ, ես չեմ վախենա եւ կասեմ, որ որոշակի մենաշնորհ կա Հայաստանի ՀԿ դաշտում, եւ այդ ամենի դեմ ոչ մի բան չունենալով՝ ես որոշեցի, որ մենք պետք է ստեղծենք «Հայրենիք» զարգացման հիմնադրամը եւ աջակցենք քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող մեր հայրենակիցներին:

Ամենամեծ եւ ամենակարեւոր տարբերությունը, որը տեսնում եմ եւ որի համար որոշել եմ գրանցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, այն է, որ մեր կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները եւ անհատները, նաեւ ԶԼՄ-ները, որոնց աջակցություն ցույց կտանք, Հայաստանում ոչ թե օտարերկրյա օրակարգ առաջ կբերեն, այլ կառաջնորդվեն մեր ազգային օրակարգով: Այսինքն՝ որքան էլ այն ՀԿ-ները, որոնք այսօր գործում են Հայաստանում եւ ֆինանսավորվում են դրսից, ասեն եւ պատմեն մեզ, որ իրենց գործունեությունն ուղղված է բացառապես Հայաստանի շահերին, դա այդպես չէ: Ամեն դեպքում, ֆինանսավորողը դրսից է, եւ ինչ-որ մի պահի նրանք սպասարկելու են օտարի շահերը, եւ առաջ են բերելու այլ պետությունների օրակարգեր: Իսկ ես շատ կարեւորում եմ մեր ազգային օրակարգը, եւ այդ ուղղությամբ փորձելու ենք տանել ակտիվ աշխատանքներ, որպեսզի ձեւավորենք մեր ազգային օրակարգը՝ քաղհասարակության միջոցով»,-հայտարարել է Վանեցյանը:

Անդրադառնալով նրան, թե որտեղից են լինելու ֆինանսները այդ հիմնադրամի համար, Վանեցյանը պատասխանել է. «Այդ ուղղությամբ ես ունեցել եմ հանդիպումներ հիմնականում Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, այս պահին անունները չեմ հնչեցնի: Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ հանդիպումներ եմ ունեցել, պատմել եմ մեր հիմնադրամի նպատակների մասին, եւ նրանցից ստացել եմ հավաստիացում, որ նրանք կաջակցեն մեզ որոշակի ֆինանսներով, որովհետեւ իրենց բացատրվել է, որ այդ ֆինանսներն օգտագործվելու են բացառապես մեր ազգային օրակարգի ձեւավորման համար: Շատ կարեւոր հանգամանք կա՝ «Հայրենիքը» զարգացման հիմնադրամ է, այլ ոչ թե բարեգործական: Մենք բարեգործությամբ չենք զբաղվելու, մենք զբաղվելու ենք կոնկրետ խնդիրների լուծմամբ»:

Նա կարեւորել է թափանցիկ գործունեությունը՝ նշելով, որ շատ մոտ ժամանակներս, կլինի կայք, կլինեն հայտարարություններ, եւ կունենան արդեն հայտեր, եւ ըստ սահմանված կարգի՝ ընտրությունը կկատարվի, եւ այդ դրամաշնորհները կտրամադրվեն:

«Շատ կարեւոր մի հանգամանք էլ եմ ուզում նշել, ի դեպ, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի տարածքում շատ մեծ տարածք հատկացնելու ենք մի վայրի, որը կոչվելու է Media HUB, այսինքն՝ այդտեղ լինելու են աշխատասենյակներ, լինելու է մամուլի ասուլիսների սրահ, ժամանակակից կահավորմամբ պայմաններ, որտեղ կարող են գալ երիտասարդներ, ՀԿ-ներ, խմբեր, այդ տարածքից անվճար օգտվեն, այդտեղ կարող են գալ ԶԼՄ ներկայացուցիչներ, այսինքն՝ լինի մի տեղ, որտեղ մարդիկ հավաքվեն, կիսվեն իրենց մտքերով: Միգուցե ցանկանան կազմակերպել մամուլի ասուլիսներ, ֆորումներ, եւ այլն: Նկատի ունեմ՝ մի առանձին հարթակ է լինելու, որը նորույթ է լինելու Հայաստանում եւ նպաստելու է թե՛ ԶԼՄ-ների զարգացմանը, թե՛ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը:

Հարցին, թե եթե հովանավորները ապրում են ՀՀ-ից դուրս, ստացվում է, որ այս դեպքում՝ եւս ֆինանսավորումը դրսից է, Վանեցյանն արձագանքելն է. «Նախ՝ ոչ միայն ռուսահայեր, խոսքը վերաբերում է նաեւ Ամերիկայում, Եվրոպայում, ինչպես նաեւ՝ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին: Այդ ֆինանսավորողներն ազգությամբ հայեր են, իսկ մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները շատ հայրենասեր մարդիկ են եւ ցանկացած հարմար առիթի ու հնարավորության դեպքում աջակցում են Հայաստանին եւ Արցախին»: