«Հայոց մայրեր» շարժումը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«1990 թ մայիսի 17-20 ը Արտաշատի ԲԿ-ում տղա ունեցած մայրիկ, արձագանքի՛ր ։

Այսօր մի օրինակելի տիկին զանգահարեց ինձ։ Շատ բարեկիրթ և բարի ձայնով ինձ ասաց, որ 1990 թ. մայիսի 17-20-ը ծնված տղա երեխա է վերցրել հիվանդանոցից։ Նա երեխա չի ունեցել, իր հայրն է զբաղվել այդ գործերով։ Երեխային բերել-տվել են իր անունով ձևակերպված, ասել են՝ պահի, մեծացրու: 16 տարեկան աղջիկ էր ծննդաբերող մայրը, ունեցել, հրաժարվել, գնացել է։ Այդ հրաշք կինը, հետևելով իմ էջին, կարծել է, որ երեխայի կենսաբանական մորը կարող է՝ խաբել են։ Նա խոստովանեց, որ իր որդեգիր որդուն շատ է սիրում և անգամ կյանքը չի խնայի նրա համար։ Խնդրեց՝ գտնեմ տղայի կենսաբանական մայրիկին, և եթե նա խաբված կին լինի, դեմ չի լինի, որ իր տղան շփվի նաև իր կենսաբանական մայրիկի հետ։

Եթե բոլոր որդեգիր մայրերը խոստովանեին, մենք կիմանայինք ամբողջ գործող սխեմայի առանձնահատկությունները։ Նա խնդրեց, որ պահեմ իր անձի գաղտնիությունը, չհայտնեմ իրավապահ մարմինների և միայն սոցցանցերում որոնում սկսեմ։ Չնայած վաղեմության ժամկետը անցել է, միևնույն է՝ իմ խոստմանը համաձայն, կպահեմ անձի գաղտնիությունը։ Օրինակելի որդեգիր մայր է։

Եթե միայն բոլորը համարձակություն ունենան խոսել ճշմարտության մասին, ապա մենք կունենանք արդար և ազատ հայրենիք»։