«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ անելանելի դրության մեջ են. չգիտեն՝ ինչպես վարվել թափառող շների հետ, որոնք կծում են բնակիչներին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից փոխանցեցին, որ թափառող շների հարցով քաղաքացիները սկսել են անգամ իրենց անհանգստացնել:

Տեղեկացանք, որ վերջին օրերին վիճակը վատ է եղել հատկապես Լոռու, Գեղարքունիքի մարզերում: Վանաձորում մարդկանց կծելու, հարձակվելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել, անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում:

Անկախ բնապահպան Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ, իր կարծիքով, թափառող շների ստերջացման հետ կապված գործողությունները լավ չեն կատարվել: «Քանի որ շների ոչ թե քանակը, այլեւ որակն է փոխվել. իրենք ավելի ագրեսիվ են դարձել: Կնկատեք՝ չիպավորված շների քանակը քիչ է, որոնք որ ստերջացված են», – նշեց նա:

Սակայն, բացի մարզերից, թափառող շները պատուհաս են դարձել նաեւ Երեւանի բնակիչների համար: Այս խնդրի շուրջ եւս «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե ամեն օր ահազանգ է ստանում երեւանցիներից: Երեւանի քաղաքապետարանից, սակայն, փոխանցում են, որ թափառող շների հարցով զբաղվում են: Ավելին, մի քանի շաբաթից շահագործման կհանձնվի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր շենքը, որը կահավորված կլինի վիրահատարաններով, նախավիրահատական, հետվիրահատական բուժման համար անհրաժեշտ վանդակներով:

Թե սա ինչքանով կփոխի իրավիճակը, դժվար է ասել։ Կենդանիներին, անշուշտ, պաշտպանել է պետք մարդ-գազաններից, բայց դա չպետք է արվի այնպես, որ հիմա էլ մարդկանց գազազած շներից պաշտպանելու հրամայականի առաջ կանգնենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում