Իրանից Հայաստան եկող քաղաքացիները անցնում են մանրակրկիտ բուժզննում: Եթե վիրուսի որևէ ախտանիշ է հայտնաբերվում, նրանց անմիջապես հոսպիտալացնում են:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Անհրաժեշտության դեպքում, Հայաստանը կերկարաձգի կորոնավիրուսի պատճառով Իրանի հետ սահմանի փակումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ սահմանը ժամանակավորապես փակվել է, քանի որ ամենօրյա վերլուծություն է կատարվում:

 Նշենք, որ COVID-2019 վիրուսը շարունակում է տարածվել ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվեց առաջին բռնկումը, այլև երկրի սահմաններից դուրս: Մասնավորապես, հարևան Իրանում արդեն գրանցվել են վարակի դեպքեր: Իրանի առողջապահության նախարարության խոսնակն ավելի վաղ հայտնել է, որ փետրվարի 25-ի դրությամբ, Իրանում վիրուսից մահացել է 12 մարդ: Նա նաև նշել է, որ երկրում հայտնաբերվել է 61 վարակակիր, հետազոտվում է ևս 900 մարդ, որոնք կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ: Փետրվարի 24-ին Հայաստանի կառավարությունը երկու շաբաթով փակեց Իրանի հետ ցամաքային սահմանը: Օդային երթևեկությունը նույնպես ենթակա է որոշակի սահմանափակումների: Այնուամենայնիվ, Իրանից Հայաստան ժամանած բոլոր քաղաքացիները կկարողանան տուն վերադառնալ, և Իրանում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան Հայաստան գալ` առանց սահմանափակումների:

Ինչպես նշեց Զեյնալյանը, մի բան է վերահսկել բեռնափոխադրմամբ զբաղվող մի քանի վարորդների, այլ բան է՝ հարյուրավոր և հազարավոր մարդկանց զննությունը: Այդ իսկ պատճառով որոշվեց փակել սահմանը: Այժմ Իրանից Հայաստան մուտք գործող յուրաքանչյուր անձ մանրակրկիտ բուժզննում է անցնում, ջերմաստիճանը չափվում է, եթե ախտանշաններ են հայտնաբերվում, անմիջապես հոսպիտալացվում են:

Մեկնաբանելով Հայաստանի դեղատներում բժշկական դիմակների բացակայությունը ՝ Զեյնալյանը նշեց, որ դա չարդարացված խուճապի հետևանք է:

Ըստ նրա` իմաստ չունի միանգամից տասնյակ դիմակներ գնել, մանավանդ որ դրանք վարակի դեմ 100%-անոց երաշխիք չեն ապահովում: Նա խոստացավ, որ իրավասու մարմինները կվերահսկեն իրավիճակը և կկանխեն դիմակների արհեստական ​​սակավությունն ու թանկացումը:

Փետրվարի 25-ի տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով զոհերի թիվը հասել է 2663-ի, նրանցից 2043-ը մահացել է Ուհանում (Հուբեյ նահանգ), որտեղ առաջին անգամ գրանցվել է վտանգավոր վարակի բռնկումը: Երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 77.658 մարդու, 9.126 հիվանդ գտնվում է ծանր վիճակում, իսկ ավելի քան 27.000-ը վերականգնվել են:

 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները տեղեկացրին Ուհանում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Ըստ բժիշկների` կորոնավիրուսը բնութագրվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են մրսածությունը, հազը, կոկորդի և կրծքավանդակի շրջանում ծակոցները, նկատվում են նաև թոքաբորբի և բրոնխիտի նման ախտանշաններ: Ռիսկի խմբում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ, երեխաները և տարեցները:

 

Read more: https://armeniasputnik.am/society/20200225/22172817/koronavirusi-brnkum-inch-vichak-e-Hayastanum-yev-inch-e-arvum-dra-dem.html