Մանկական հիվանդանոցների բժիշկները շունչ քաշելու ժամանակ չունեն։

Մասնագետների խոսքով` հաճախ նաև անհարկի են այցելում հիվանդանոցներ։

 Կորոնավիրուսով վարակման դեպք Հայաստանում չի հաստատվել, բայց մարդիկ խուճապի մեջ են. կեղծ լուրեր են տարածվում, շատերը հավատում են ասեկոսեներին և ցանկացած գանգատի դեպքում հիվանդանոց դիմում։ Արդյունքում այսօր հայաստանյան հիվանդանոցները գերծանրաբեռնված են, մի շարք հիվանդանոցների հատկապես մանկական բաժանմունքներում ազատ մահճակալներ չկան, քանի որ, բնականաբար, ավելի շատ հենց երեխաների համար են անհանգստանում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մանկական բաժանմունքի ավագ օրդինատոր Մերի Խոջոյանը նշեց, որ հիվանդանոցում 43 մահճակալ է նախատեսված երեխաների համար, և հիմա դրանցից 4-5–ն ազատ են։ Սակայն, ըստ նրա, այս ամիս եղել են օրեր, որ ազատ մահճակալ չեն էլ ունեցել, քանի որ մարդկանց մոտ խուճապ է, և մի փոքր գանգատի դեպքում էլ երեխային բերում են հիվանդանոց։

«Այս ընթացքում ունեցել ենք նաև երեխաների` սուր շնչառական վարակով պայմանավորված ծանր դեպքեր, սակայն որևէ վատ ելք չենք ունեցել։ Ավելին, որևէ արտառոց իրավիճակ չկա մեզ մոտ։ Սեզոնին համահունչ է իրավիճակը, չնայած նախորդ տարվա համեմատ` ավելի շատ է դիմելիությունը»,–ասաց Խոջոյանը։

Նա հայտնեց նաև, որ չնայած դիմելիությունը շատ է, սակայն երեխաների շրջանում սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքերի աճ չկա։ Հիմնականում շրջանառվում է գրիպի Ա և Բ տեսակները, կան նաև թոքաբորբի դեպքեր, սակայն դրանք շատ չեն։

Մասնագետի խոսքով` հիվանդանոցներ այդքան մեծ թվով այցերը պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ մարդիկ չեն գնում պոլիկլինիկաներ։

1 տարեկան Ալենի մայրը` Գոհարը, նույնպես երեխային հիվանդանոց էր բերել ստուգման` իր հանգստության համար։

«Երեկ տղաս շփվել է մեկի հետ, որը գրիպով էր վարակված. այսօր ինքն էլ հիվանդացավ։ Որոշեցի բերել բժշկի, որպեսզի ստուգեն նրան` ապահովության համար։ Ես վախեցած չեմ, սակայն լավ կլիներ` իմանայի` ամեն ինչ կարգի՞ն է երեխայի մոտ»,–ասաց Ալենի մայրը։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի փոխտնօրեն Էդուարդ Զարդարյանն էլ հայտնեց` իրենց մոտ էլ այցելությունները բավականին շատ են, սակայն դրանց 40 տոկոսն անհարկի է։ Նրա խոսքով` նախորդ տարվա այս սեզոնի համեմատ երեխաների շրջանում նույն մակարդակի է սուր շնչառական հիվանդությունների վարակելիությունն ու հիվանդացությունը, ուղղակի այցերն են ավելացել։

«Մարդիկ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, դիմում են հիվանդանոց և ասում, որ ուզում են իրենց երեխան պառկի հիվանդանոցում ու բժիշկների հսկողության տակ լինի։ Հիվանդանոց պետք է գնան միայն անհրաժեշտության դեպքում, քանի որ մենք հնարավորություն չունենք բոլոր հազացող ու փռշտացող մարդկանց հոսպիտալացնելու»,–ասաց Զարդարյանը։

Բացի այդ, ըստ նրա, երբ հիվանդանոցը լիքն է լինում, ներհիվանդանոցային վարակն է ավելանում` տարբեր վարակներով մարդիկ են իրար հետ շփվում ու վարակներով «փոխանակվում»։

Զարդարյանը նույնպես անդրադարձավ պոլիկլինիկաներ չդիմելու խնդրին` ասելով, որ մարդիկ չեն վստահում պոլիկլինիկաներին, ինչի համար էլ դիմում են հիվանդանոցներ։

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ նշեց` երբեք պոլիկլինիկաներն այսքան այցելու չէին ունեցել։ Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակման վախից ցանկացած փռշտոցների դեպքում գնում են բժշկի։

«Մարդիկ վախեցած են ու խուճապի մեջ, և եթե նախորդ տարի նույն ախտանշաններով չէին գնում հիվանդանոց, չէին անհանգստանում, ապա հիմա անմիջապես բժշկի են դիմում։ Բացի այդ, այս օրերին պատվաստումների քանակն է մեծացել»,–ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել արդեն տարածաշրջանում` Իրանում, Վրաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում։

Նյութի աղբյուրը՝ Sputnik Արմենիա