Երեւանում, այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. Ժամը 08։10-ի սահմաններում Nissan մակնիշի 35 QT 678 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ Քրեակատարողական ծառայության վարչական շենքի հարեւանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի 36 NA 052 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan,com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Nissan-ում հրդեհ է բռնկվել, եւ ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Առաջացած հրդեհի հետեւանքով Nissan-ի վարորդն ու 2 ուղեւորները տարբեր աստիճանի այրվածքներեով տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։

Երբ Nissan-ը բախվել է Hyundai-ին, Hyundai-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E220 մակնիշի 35 CD 595 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնիշի 35 ՏG 947 համարանիշի ավտոմեքենային։