Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի բուժքույր Արեւիկ Հովհաննիսյանը մարտի 8–ին ներկա է եղել նշանադրութան արարողությանը, որին մասնակցել է նախօրեին կորոնավիրուսով ախտորոշված 45–ամյա տղամարդը։

Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր առավոտյան բուժքրոջը տուն է ուղարկել։

«Ունենք երկու բուժքույր, այն բուժքույրը, որը ներկա է եղել նշանադրության արարողությանը, իրեն տուն եմ ուղարկել, եկել էր, հենց մուտքից հետ եմ ուղարկել»,– ասաց նա։

Այնուամենայնիվ, նշանդրեքին մասնակցելուց հետո երեք օր բուժքույրը դպրոց է գնացել, շփվել աշակերտների և աշխատակիցների հետ։

«Ոչ ինքն է տեղյակ եղել, ոչ մենք։ Բնականաբար, հիմա անհանգստանալու առիթ ունենք»,– ասաց տնօրենը։

Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Հարությունն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց դպրոցի երկու աշակերտ, որոնք նույնպես մասնակցել են նշանդրեքին, այսօր առավոտյան դասի էին եկել, նրանց տուն են ուղարկել։

Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի եւս 3 նոր դեպք է հաստատվել, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ 4-ն է։ Այժմ դեռ պարզվում է նրանց շփումների շրջանակը։ Վարակվածների վիճակը լավ է, միայն 45–ամյա տղամարդու մոտ թոքաբորբ է ախտորոշվել։