«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարտի 11-ին ԱԱԾ-Ն հայտնել էր, որ ստացել է փաստական տվյալներ՝ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ:

ԱԱԾ-ն հրապարակել էր, որ 2014թ. հունիսին Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակվել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ, եւ, ահա, 6 տարի անց պարզվում է, որ այդ անձը եղել է Արսեն Չիչյանը՝ Բոդոլը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով. «Այո, իմ դեպքն է»:

Նկատենք, որ այս աղմկահարույց բացահայտման խմորը դեռ շատ ջուր կքաշի, եւ չի բացառվում, որ քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ պատասխանատվության կանչի «օրենքով գողերի»:

Լուրեր կան, որ կարող է հարցաքննության հրավիրվել «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը, որը առավել հայտնի է Սարատովի Արտյոմ անունով, եւ էլի այլ «օրենքով գողեր»: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը քրեական գործով մի շարք տեղեկությունների տիրապետում է, սակայն նախաքննությանը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով՝ այդ մասին առայժմ ոչինչ չենք հրապարակի, միայն հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գտել է վարձու մարդասպանին, սակայն նա ազատության մեջ է:

Չի բացառվում, որ վարձու մարդասպանը նախաքննական մարմնին հայտնել է այն, ինչ պետք է եղել, եւ այդ համագործակցության արդյունքում նրան ազատ են թողել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում