Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Այս պահին ունենք հաստատված 424 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Այս օրերին ամենաբարդն ու պատասխանատուն բուժաշխատողների աշխատանքն է:
ArmDaily.am-ը զրուցել է ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Յանա Խաչատրյանի հետ, ով նախ որպես կամավոր, ապա արդեն որպես բուժքույր աշխատում է հիվանդանոցներից մեկում՝ կորոնավիրուսով վարակվածների հետ:
-Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք կորոնավիրուսով վարակվածների հետ։ Ինչպե՞ս որոշեցիք որպես կամավոր ներգրավվել աշխատանքներում։
Մոտ մեկ շաբաթ է, որ նախ՝ որպես կամավոր, ապա որպես աշխատակից ընդգրկված եմ աշխատանքներում: Ավելի ստույգ մարտի 16-ից, երբ ողջ երկրի տարածքում արտակարգ ռեժիմ հայտարարվեց:
-Ինչի՞ համար եք ամենաշատը փոշմանում։
Փոշմանում եմ, որ ավելի շուտ չեմ առաջարկել օգնությունս, ես ահագին օր եմ կորցրել տանը հանգիստ նստելով:
-Ո՞ւմ եք շատ կարոտում ու ի՞նչ հաճախականությամբ եք հանդիպում մտերիմներին։
Այնպես է ստացվում, որ ես դեռ տուն գալիս եմ, հանդիպում եմ միայն մայրիկիս՝ այն էլ մեծ հեռավորության վրա: Ամենաշատը կարոտում եմ փոքր քույրիկիս՝ այս օրերին չենք հանդիպում:
-Աշխատա՞նք, թե՞ անվտանգություն։
Պարտքի զգացում ավելի հստակ, տվյալ մասնագիտություն ընտրած մարդիկ առաջնային պետք է դասեն ուրիշների առողջությունը, ես դեռ երիտասարդ եմ ուժով ու եռանդով լեցուն:
-Ամենամեծ ափսոսանքը, որ զգացել եք այս օրերին։
Ափսոսա՞նք, ես երբեք ոչնչի համար չեմ ափսոսում:
-Խնդրանք հասարակությունից։
Ավելի լուրջ մոտեցեք, մնացեք տանը, ձեզնից շատ բան է կախված:
-Ի՞նչ տրամադրություն կա վարակվածների շրջանում՝ խուճա՞պ, թե՞ հույս։
Հույս, լավ տրամադրություն ունեն:
-Այս օրերին հարազատներից ամենաշատը ի՞նչ խորհուրդ, խնդրանք կամ հորդոր եք լսել։
Ամենակարևորը՝ զգույշ եղիր, ամեն ինչ լավ է լինելու, չհանձնվես:
-Դուք հայտնի նկարի ժպտացող աղջիկն եք։ Ժպտո՞ւմ եք։
ժպիտը կյանքիս անբաժան մասն է, հավատացեք դա ինձ միշտ օգնում է:
-Առաջին բանը, որը պլանավորում եք անել կորոնավիրուսին վերջնականապես հաղթելուց հետո։
Քայլեմ Երևանիս մարդաշատ փողոցներով, զգամ Երևանիս ջերմությունը: