«Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել ոչ միայն ինձ, ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլև առավել քան համոզված եմ, նաև Հայաստանի քաղաքացիներին և ընդհանրապես հայ ժողովրդին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անազատությանը և Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

Դիտարկմանը, որ այդ անձանց իշխանության ժամանակ «Մարտի 1» է տեղի ունեցել, 10 մարդ է սպանվել, և այդ սպանության պատասխանատուներին տարիներ շարունակ չեն գտել, Բակո Սահակյանը պատասխանեց. «Եթե դուք նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զգաստությունն ու զսպվածությունը և մեր խոսքը կառուցելիս, մեկնաբանությունները տալիս իրավական գնահատականներ չենք տվել: Լինի դա մեր միջնորդությունը դատարանում, լինեն այլ գործողություններ մեր կողմից նախաձեռնված, միայն նպատակ էին հետապնդում իմ կողմից նշված իրողությունը հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել: Այսօր կա դատական գործընթաց, մենք պարտավոր ենք ցուցաբերել անհրաժեշտ վերաբերմունք և հարգել նաև դատական գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումները»:

Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու իրենց միջնորդությունը չի դիտվում որպես ՀՀ ներքին գործերին միջամտություն, Արցախի նախագահը պատասխանեց. «Ես դեմ եմ այդպիսի մեկնաբանություններին: Ես ճիշտ հակառակն եմ մտածում, և ինչպես նախկինում, ապագայում էլ առաջնորդվելու եմ այդ մտածելակերպով: Չեմ կարծում, որ սրանով մենք լրացուցիչ լարվածություն ենք սերմանում կամ լրացուցիչ բարդություններ ենք ստեղծում: Մենք խոսում ենք այնպիսի դերակատարների մասին, որ ես չեմ կարող անտարբեր լինել այդ ամենի մասով»:

Բակո Սահակյանը նշեց նաև, որ եթե անհրաժեշտություն լինի, նման միջնորդությամբ հանդես կգա նաև Սերժ Սարգսյանի համար: