Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ողջ աշխարհին համակած նոր կորոնավիրուսի համաճարակը մոբիլիզացրել է բոլոր ուժերին բոլոր երկրներում, եւ մարդիկ համախմբված պայքարում են վարակի տարածման դեմ:

Միայն թերեւս Հայաստանում է նկատվում որոշ պաշտոնյաների կողմից ընդգծված պասիվ վերաբերմունք ու կազմակերպվածության ընդգծված պակաս: Աշխարհի գրեթե մի երկիր չկա, որտեղ բժիշկների կոմունիկացիան ապահովի այլ մարմին, քան համայնքը: Մեր դեպքում թեեւ Երեւանի քաղաքապետարանն ունի քաղաքապետ` ի դեմս Հայկ Մարությանի, քաղաքապետարանի առողջապահության վարչություն, որը պետք է Առողջապահության նախարարության հետ համագործակցված կազմակերպի պայքարի համակարգված աշխատանքը, սակայն բժիշկները մեր երկրում տեղափոխվում են ոչ համայնքային մեքենաներով, այն դեպքում, երբ նույնիսկ քաղաքային տրանսպորտի գործունեությունն էլ է դադարեցվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետ Հայկ Մարությանն, իհարկե, աշխատանքի գնում է, սակայն գրեթե որեւէ աշխատակցի չի ընդունում, հորդորում է առցանց աշխատել` ավելի խուսափելով շփումներից (իհարկե նախկինում էլ նա ակտիվ չէր աշխատակազմի հետ շփումներով): Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն` առարկայական, փաստերով: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, սակայն ապարդյուն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում