«Ես ուղղակի ապշած եմ». Նարեկ Հախնազարյանը կարանտինը կանցկացնի երևանյան հյուրանոցում

Sputnik Արմենիան գրում է․ Ճանաչված երաժիշտ Նարեկ Հախնազարյանը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչու է որոշել հատկապես արտակարգ դրության ժամանակ վերադառնալ Հայաստան, ինչ է պատրաստվում անել մեկուսացման երկու շաբաթվա ընթացքում:

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մեկն է Ռուսաստանից չարտերային թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներից, որոնք այժմ գտնվում են մեկուսացման պայմաններում:

Sputnik Արմենիան կապ հաստատեց նրա հետ՝ պարզելու, թե ինչպես է կազմակերպվել հարյուրավոր հայաստանցիների վերադարձը Հայաստան ու ինչպիսի պայմաններ են հայրենիքում առաջարկվել նրանց:

«Ես ուղղակի ապշած եմ հայկական կողմի կազմակերպվածությունից, ընդունելության այն մակարդակից, որին մենք արժանացանք: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Մեզ բերեցին Երևանի հյուրանոցներից մեկը՝ շատ հարմար, չնաշխարհիկ պայմաններով՝ թե՛ ուտելիքը, թե՛ մնացած ամեն ինչը»,- ասաց նա:

Հախնազարյանը հայտնեց, որ սեփական քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք չի տեսել աշխարհի այլ երկրներում:

Ճանաչված երաժիշտն ասաց նաև, որ իրեն հայտնի չեն դեպքեր, երբ հյուրանոցի մի համարում մեկից ավելի մարդ տեղավորված լինեն՝ բացառությամբ ընտանիքի անդամների:

«Եթե համարները չէին բավարարում, մնացածներին տեղափոխում էին այլ հյուրանոց»,- ասաց նա:

Հախնազարյանի խոսքով` հյուրանոցի համարներից դուրս գալ չի թույլատրվում, ամբողջ անձնակազմն աշխատում է պաշտպանիչ հագուստով ու հատուկ միջոցներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում