Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները: Տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք:

Haise ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների մեջ էլ շտապօգնության մեքենայի վարորդն է, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ ականատեսների՝ շտապօգնության ավտոմեքենան միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և Ford-ը պետք է զիջեր նրան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: