«Ապրիլյան ռազմական գործողությունները քննող ԱԺ հանձնաժողովն անհրաժեշտություն չի տեսնում վարչապետին հրավիրել հարցաքննության»,- ճեպազրույցների ժամանակ հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը 2016թ․ չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար։
Բանախոսը չբացահայտեց, թե ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության ժամանակ հստակեցվե՞լ է՝ տարածքային կորուստները 800, թե՞ 400 հեկտար էին: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ քանի որ նիստերը փակ են, այդ և նման հարցերը չեն հրապարակայնացվելու:

Ա. Քոչարյանը հայտնեց, որ իրենք անհրաժեշտ են համարում, որ հանձնաժողով ներկայանա նաև Յուրի Խաչատուրովը, «Եթե նա իր մեջ ուժ է գտել ֆիլմում ինչ-որ բաներ ասել, ապա պետք է ուժ գտնի նաև հանձնաժողով ներկայանալու»։