«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը ծանր հարված է շատերիս համար։ Չորս հայ մարդու կյանք խզվել է կույր ագրեսիայի պատճառով, երկու մեծ համայքներ հայտնվել են լայնամասշաբ վենդետայի եզրին, իրավապահ մարմիններն անկարող են եղել կանխել բռնության նոր ալիքը, նույնիսկ ոստիկանապետի և ոստիկանական հատուկ ստորաբաժանման ներկայությունը չի օգնել։

Ես դատապարտում եմ այս բռնության բոլոր մեղավորներին և կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ վերջ տալ ամենաթողությանը. այն բերում է անարխիայի և քաոսի։ Մեր երկրում կա օրենք, նաև մարդասպաններին դատելու համար, և պետության պարտքն է ապահովել օրենքի կիրառումը, ոչ թե թողտվությամբ և անվճռականությամբ թույլ տալ ինքնիրավչություն և ինքնադատաստան, սա ուղիղ ճանապարհ է դեպի միջնադար։

Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից և կկարողանա իրավիճակն արագ վերցնել վերահսկողության տակ, մինչ այդ ցավակցում եմ երեկվա բռնության բոլոր զոհերի հարազատներին, և հորդորում նրանց՝ դադարեցնել ցանկացած նոր բռնություն, այն միայն դժբախտություն է բերելու բոլոր կողմերին, և մեծ ցավ՝ մեր ամբողջ երկրին»։