Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջ կառավարությունը լծված է տանը մնալու «կոչեր» անելու գործին: Մարդիկ պետք մնան տանը, պետք է պահպանեն հիգիենան, պետք է..., պետք է..., պետք է... և վերջապես պետք է լսեն պետական մարմինների հորդորները, ըստ որոնց` սկզբում կորոնավիրուսը «շատ վտանգավոր չէր», հետո դարձավ խիստ վտանգավոր, սկզբում «դիմակ կրել պետք չէր», հետո դարձավ պարտադիր, սկզբում «իրավիճակը վերահսկելի էր», հետո վերահսկողությունից դուրս եկավ և այլն... Բնակչությունը ո՞նց անի, ո՞ւմ և ինչո՞ւ լսի, ինչպե՞ս և ինչո՞վ ապրի: Այ դրան ոչ ոք պատասխան չունի, ուստի կարելի է սերը քսել հանդուրժողականության վրա և ուտել, հետն էլ խմել «ժողովրդի լավատեսությունը», բայց ոչ մի դեպքում չքննադատել ապիկար կառավարիչներին, ովքեր բացի պարգևավճարներից, ուրիշ բան չեն պատկերացնում և բացի ստից ու կեղծիքից ոչ մի բանի ընդունակ չեն...

Իհարկե, տանը մնալը արդյունավետ միջոց է համաճարակի դեմ պայքարում, բայց տանը չմնացողի պատճառով տանը մնացողը չպետք է տուժի և այստեղ գալիս է պետության դերը` միջոցներ ձեռնարկել, որ տանից դուրս չգան, սակայն պետության ղեկավարությունը սահմանափակվում է միայն կոչերով. կոչ է անում այս կամ այն գործողությունը անել, բայց, երբ տեղը հասնում է պարգևավճար կրճատելուն` լավ էլ հստակ և սպառնացող հայտարարություններ են անում պետական բյուջեն իրենց անձնական լափամանը սարքած պաշտոնյաները:

Հարց է առաջանում` տղերք, բա ինչո՞ւ կոչերից գործուն քայլերի չեք անցնում...

Իսկ պատասխանը չկա: Չկա «ժողովրդի» համար, բայց ակնառու է մտածող մարդկանց համար. այսօրվա կառավարիչները չեն ուզում սեփական ապիկարությունը ընդունել, որովհետև իշխանության «համը», «հոտը», փողը շատ է նրանց դուր եկել: Նրանք այնքան անհեռատես են, որ չեն պատկերացնում, որ փողը «աշխատելը» և «գողանալը» հեշտ է, իսկ այ դա վայելելը` շատ բարդ, խիստ բարդ, չափազանց բարդ: Նրանք այնքան անհեռատես են, որ չեն գիտակցում, որ այդ փողը չեն կարողանալու ծախսել, որովհետև ժողովուրդն է գնալու նրանց հետևից ու ժողովուրդն է խլելու այդ փողերը նրանցից: Վենդետայի ու «самосуд»-ի հեղինակը ոչ թե լինելու են իշխանության եկած քաղաքական գործիչները, այլ՝ սովորական ՀՀ քաղաքացիների այն շերտը, ում մեջ այսօրվա իշխանություններին հաջողվել է սերմանել ատելություն հարուստ և կայացած մարդու նկատմամբ և տեսնելով ոմանց հարստությունը՝ նրանք կանգ չեն առնելու:

Ողջ կառավարությունը լծված է տանը մնալու «կոչեր» անելու գործին»