Ալեն Սիմոնյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, տղաները պատասխանել են, որից հետո սկսվել է ծեծկտուքը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը, որը ներկայացավ Անի անունով: Նա ականատես է եղել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Ես դեպի Մաշտոցի պողոտա էի քայլում և քաշքշուք նկատեցի, իհարկե, հետաքրքրությունից ելնելով՝ մոտեցա, որ տեսնեմ, թե ինչ է տեղի ունեցել և տեսա, որ այնտեղ է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Փորձեցի պարզաբանում ստանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչ վիճակ է, բայց ինձ չպատասխանեցին»,-ներկայացրեց նա:

«Պարզվեց, որ տղաներին հարվածել է Ալենի կողքին գտնվողներից մեկը, Ալենը հրահրել է, իր կողմնակիցներն էլ հարվածել են: Հետո էլի սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել ու քաշքշուքը թեժացել է»,- նշեց ականատեսը և հավելեց, որ չի ճանաչել Ալեն Սիմոնյանի հետ եղած մարդկանց:

Ականատեսը նշեց, որ ո՛չ Ալեն Սիմոնյանը ո՛չ Արթուր Դանիելյանը մենակ չեն եղել: Ալեն Սիմոնյանի հետ եղել են չորս տղաներ, իսկ Դանիելյանի հետ՝ երկու-երեք հոգի և ըստ նրա՝ պարզապես քայլում էին և ագրեսիա չի նկատել նրանց կողմից: Քաղաքացին նշեց, որ հենց սկզբից ականատես է եղել միջադեպին և կարող է ասել, որ առաջին հայհոյանքը հնչել է Ալեն Սիմոնյանի կողմից:

«Ալեն Սիմոնյանը զանգեր էր կատարում և հաղորդագրություններ գրում: Ոստիկանություն չի եկել և չի միջամտել: Ծեծկռտուքի ընթացքում նաև բաժանողներ կային: Ալեն Սիմոնյանի կոստյումն էր պառտվել, սակայն ոչ թե վեճի պատճառով էր պատռվել, այլ նրան քաշեցին, երևի՝ թուլացել էր, այդպես բացվել էր»,- ասաց նա և հավելեց, որ պատգամավորի և նրա ընկերների կողմից հարվածներն ուժգին են եղել:

Ըստ նրա՝ ծեծկռտուքը մոտ 3-4 րոպե է տևվել: Անին նշեց, որ շտապօգնություն չի եկել, ծեծկռտուքից հետո տղաները հավաքվել են, գնացել, սակայն նա այդ ընթացքում մոտեցել է Ալեն Սիմոնյանին, փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, սակայն պատգամավորը նրան չի պատասխանել:

Հարցին՝ հանրավո՞ր է, որ այն, ինչին ականատես է եղել հետագայում ներկայացնի նաև Ոստիկանություն, Անին պատասխանեց. «Եթե կարիք լինի, միանշանակ»:

Մանրամասները՝ տեսանյութում: