«Այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքների, ընդունված վերջին օրենքների հետ: Ես պնդում եմ, որ սա նախապատրաստված սադրանք էր և ունենալու է շարունակական բնույթ: Ընտրվել է մարտավարություն, երբ դահլիճում մթնոլորտը լարվում է՝ կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով: Ես գտնում եմ, որ իրեն «կլասիկ» հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Սասուն Միքայելյանի մանդատը վայր դնելու հարցը չի քննարկվել: «Եվ ակնհայտ է, որ երբ դու իջնում ես ամբիոնից ու վրա ես քշում Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ով և փորձում սադրել, էդ մարդը կարող է նաև այդ սադրանքին չդիմանալ»։

Նա նշեց, որ սադրանքներին չպետք է տրվել, իսկ տեղի ունեցած բռնությունն անընդունելի է և երկրորդ կարծիք չի կարող լինել: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ գնահատական տալուց պետք է հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ծեծկռտուքի վերաբերյալ քննարկմանը ներկա էին հիմնականում վարչության անդամները, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ քննարկում կլինի ավելի ուշ և կորոշեն, թե ինչ պետք է անել:

Հիշեցնենք, այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քննարկում էր տեղի ունեցել վարչապետի և ԱԺ նախագահի մասնակցությամբ։