«Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության անունից ուզում եմ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի համար ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից եւ բոլոր այն հայրենակիցներից, ովքեր ականատես են եղել միջադեպին: Այս մասին մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը:

Ըստ նրա` «Իմ քայլի» պատգամավորները պարզապես սադրանքների են տրվել: «Ես ցավում եմ, որ «Իմ քայլը» սադրանքների է տրվել»,- ասաց Մակունցը: Այնուամենայնիվ, նա նշեց, որ խորհրդարանում երրորդ ամենամեծ ուժի կողմից սադրանքները սկսվել են ապօրինի ունեցվածքի բռնագանձման մասին օրենքի ընդունմամբ, իսկ ավելի կոնկրետ` այն պահից, երբ «Լուսավոր Հայաստանը» չքվեարկեց դրա ընդունման օգտին: Մակունցը պնդում է, որ այս օրինագծի ընդունումից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի պահվածքը կտրուկ փոխվեց:

«Պարոն Մարուքյանը երբեք որպես պատգամավոր իրեն թույլ չի տվել նման հայտարարություններ անել, ինչպես դա անում է յոթերորդ գումարման խորհրդարանում: Այս միջադեպը Մարուքյանի կողմից խորհրդարանի փոխխոսնակի դեմ նվաստացուցիչ սեռական բնույթի վիրավորանքների արդյունքն է: Եւ դրանից հետո նա ներողություն չխնդրեց ոչ Ալեն Սիմոնյանից, ոչ պատգամավորներից, ոչ էլ ՀՀ քաղաքացիներից»,- ասաց Մակունցը: Ըստ նրա` անցած շաբաթների ընթացքում «Լուսավոր Հայաստանը» փորձում էր սադրել, «Իմ քայլը» իշխող դաշինքին ներքաշել որոշակի գործողությունների մեջ, որոնք իրեն լավ կողմից չեն ներկայացնում: Միեւնույն ժամանակ, ըստ Մակունցի, «Լուսավեր Հայաստանը» խորհրդարան ոչ թե իր օրակարգն է մտցնում, այլ` Ազգային ժողովից դուրս գտնվող «խուլիգանական խմբերի» օրակարգը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որպես բողոքի նշան լքեց Ազգային ժողովի նիստը: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում այսօր միջադեպ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ, որը մասշտաբային ծեծկռտուքի վերաճեց: