Էսքանից հետո պաշտպանության նախարարն ասում է՝ երկրում բում է լինելու, ես էլ ասում եմ՝ բա էդ ենք ուզում: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերին, որը ենթադրում է, որ պետությունը վճարում է երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային վարկի մի մասը կամ կանխավճարի մինչեւ 50 տոկոսը:

«Սա ժողովրդագրական վիճակի բարելավմանն է ուղղված, պետք է խթանենք ծնելիությունը»,-իր հերթին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:


Դիտարկմանը, որ երեք ծրագրերից մեկը վերաբերում է միայն այն ընտանիքներին, որոնք երեխա են ունենալու այս տարվա հուլիսի 1-ից հետո, Փաշինյանը կատակեց. «Նրանք, որոնք երեխա են ունեցել հուլիսի 1-ից առաջ, նրանց ոչինչ չի խանգարում երեխա ունենալ նաեւ հուլիսի 1-ից հետո:

Այստեղ մի նրբություն էլ կա. եթե մի երեխա ունի, իր համար բնակարանի չափանիշն ուրիշ է, եթե երկու երեխա ունի, ուրիշ է, իսկ եթե 4-5 երեխա ունի, բոլորովին ուրիշ է: Մենք մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապարտամենտներում ապրել, որովհետեւ ինչքան երեխաների թիվը մեծ է, աջակցության ծավալները մեծ կլինեն: Մենակ վերջում գրված չլինի՝ բացառությամբ... ու էդպես 300 տողանոց շարք, որ պարզվի՝ ոչ մեկի վրա չի տարածվում:

Ես հույս ունեմ, որ եկող տարի ծնվող երեխաների թիվը պատիկներով ավել կլինի: Այստեղ մենք ոչ մի գումար չենք խնայի, ինչքան շատ լինի, այնքան լավ բոլորիս համար»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա շատ լավ, պոզիտիվ եւ ռազմավարական ծրագիր է: