Առաջիկայում որպես հակաճգնաժամային միջոց պատրաստվում ենք մեկնարկել 100 կապիտալ նախագիծ՝ կրթական, մշակութային, սպորտային առողջապահական օբյեկտների կառուցման: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապա հարց տվեց, թե ինչ փուլում են այդ աշխատանքները:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ առաջիկա 2 օրերի ընթացքում կհայտարարվեն 8 մոդուլային դպրոցների կառուցման մրցույթները:

Նա հավելեց, որ այս բոլոր ծրագրերը կտեւեն 2-2,5 տարի. «Ընդհանուր գնահատականով կլինի մոտ 60 մլրդ դրամի ներդրում: Այս աշխատանքները տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման հիմք կդառնան»,-ասաց Ղուլարյանը:

Փաշինյանն էլ հավելեց, որ մինչեւ սեպտեմբեր բոլոր մրցույթները հայտարարվելու են եւ իրենք հիմա այդ մասին հայտարարում են, որպեսզի շինարարական կազմակերպությունները փնտրեն գտնեն աշխատողներին, որպեսզի ձեւավորեն ներուժ այդ մրցույթներին մասնակցելու եւ հաղթելու համար: