Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 16-ի հեռավար ասուլիսն աչքի ընկավ թերևս նախկին իշխանական համակարգին առնչվող թեմաների առումով նվազ զգայականությամբ, ինչը բնորոշ չէր նրա նախկին մեծ ասուլիսներին ու ելույթներին: Այլ կերպ ասած, վարչապետ Փաշինյանը խուսափեց ասուլիսը նախկին համակարգի հետ կռվի վեածելուց: Միաժանանակ, դա կարող է ողջունելի լինել, եթե այդ հանգամանքը դառնա օրինաչափություն, այն պարզ պատճառով, որ ակնառու է մի բան՝ այդ համակարգը նոր իշխանության և ընդհանրապես հանրության հանդեպ իր պատասխանատվության խնդիրը փորձում է կոծկել կամ քողարկել Փաշինյանին զգայականության դաշտ բերելով: Ընդ որում անհրաժեշտ է նկատել, որ դա ստացվում էր, իսկ գուցե առայժմ ստացվում է բավականին հաջող: Եթե մայիսի 16-ի ասուլիսում այդ «խթանվող» զգայականության բացակայությունը դառնա վարչապետի հռետորաբանությանը բնորոշ գիծ, ապա դա հնարավոր է համարել նաև հանրային ձեռքբերում:


Հայաստանում թավշյա հեղափոխությունն իրականացրած հանրության և նախկին իշխող համակարգի միջև հարաբերության, անցյալի գնահատականի, պատասխանատվության, և ապագայի համակեցության հարցը լրջագույն հարց է, որը պահանջում է բավականին սթափ ու սառը աշխատանք բոլոր ուղղություններով: Զգայականությունը ստեղծում է բավականին տպավորիչ տեսարանային ֆոն, ինչը սակայն զուրկ է կառուցողական էֆեկտիվությունից:

Մինչդեռ, ավելի ու ավելի է ակնառու դառնում այն, որ հետհեղափոխական Հայաստանում առանցքային խնդիր դառնում է հենց կառուցողականության, ստեղծագործական էֆեկտիվության ցածր աստիճանը: Ընդ որում, զգայականությունը միտված է հենց դրան, գործընթացները բերել տեսարանային դաշտ և այդպիսով նվազեցնել ստեղծագործականությունը, լղոզել պատասանատվության հարցերը:

Ի վերջո, երբ հարցերը դրվում են հանգիստ, դրանց պատասխանատվության հանգամանքները դիտարկվում են հանդարտ, զուտ իրավա-քաղաքական փաստարկման դաշտում, դա նախկին իշխող համակարգի Աքիլլեսյան գարշապարն է: Հենց դրանից ապահովագրվելու համար է, որ դիսկուրսը վերածվում է աղմուկի, հայհոյախառն բանավեճի: Եվ, անգամ եթե կարճաժամկետ իմաստով հանրությունն ու դրա ձևավորած նոր իշխանությունը հաղթում են նաև այդ ռեժիմում, ապա երկարաժամկետ իմաստով այդ հաղթանակը կասկածի տակ է: Երբ հանրությունը կհոգնի նույնանման տեսարաններից, արդեն զգացնել կտա այն պակասը, որ առաջացել է կառուցողականության ցածր աստիճանի հետևանքով: Մինչդեռ, հենց այդտեղ պետք է լինի նաև այն էական, համակարգային հարցերի լուծումը, որոնք կապված են Հայաստանում նախահեղափոխական համակարգի այսպես ասած ինստիտուցիոնալ, խորքային ապամոնտաժման, քաղաքական, կառավարման, դատաիրավական համակարգերի վերակառուցման հետ: Այդ իմաստով, կարո՞ղ է արդյոք մայիսի 16-ի ասուլիսը դիտարկվել որոշակի նոր մեկնակետ: Հնարավոր է, թեև անշուշտ մեծ պայմանականությամբ: Որովհետև կասկած չկա, որ նոր իշխանությանը զգայակական դաշտ բերելու աշխատանքը նախկին համակարգը շարունակելու է առավելագույն ինտենսիվությամբ ու դինամիկայով, օգտագործելով ամենատարբեր հարթակներ ու խմբեր, ըստ այդմ տվյալ պայքարը դեռ շարունակվելու է, պահանջելով այդ իմաստով զգայականության նկատմամբ սառը հաշվարկի և պրագմատիզմի անընդհատ հաղթանակ:

Նյութի աղբյուր՝1in.am