«Նորք» տուն-ինտերնատում երեկվա դրութ- յամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 45-ի։ Նրանցից 28-ը տուն-ինտերնատի աշխատողներ են։ «17 տարեցներից 14-ը գտնվում է բուժհաստատություններում, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, եւս երեք տարեց ինքնամեկուսացված է ինտերնատի տարածքում»,- «Հրապարակին» հայտնեցին սոցապնախարարությունից։ Ըստ նախարարի խոսնակի, 28 աշխատակիցները, ովքեր վարակակիր են, մեկուսացված են հյուրանոցներում, քանի որ չունեն սիմպտոմներ։ Հարցին, թե ինչպես պատահեց, որ միանգամից 40 վարակված հայտնաբերվեց, նա պատասխանեց․ «Տարեցներից մեկի եւ նրան խնամող աշխատակցի մոտ ախտանիշներ են ի հայտ եկել, բնականաբար, ահազանգել են այդ մասին։ Նույն օրը թեստավորվել է 70 մարդ՝ հաշվի առնելով խոցելի խումբ լինելու հանգամանքը»։

Փաստորեն, այն հանգամանքը, որ ծերանոցները կորոնավիրուսի տարածման վտանգավոր օջախներ են, որ եվրոպական երկրների վիճակագրության համաձայն, հիվանդության զոհերի 50 տոկոսը տուն- ինտերնատների տարեց բնակիչներն են, մեր իշխանություններին չի սթափեցրել, չի ստիպել, որ անմիջապես թեստավորեն գոնե վարակի օջախ հանդիսացող ծերանոցի բնակիչներին։ Միայն 70 հոգու են հետազոտել՝ այն դեպքում, երբ այս տուն-ինտերնատում, ըստ սոցապնախարարության տվյալների, 230 շահառուներ կան։ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում 250 շահառու կա, Գյումրու տուն-ինտերնատում՝ 160։ Սա նշանակում է, որ բոլորին թեստավորելու համար ընդամենը 640 թեստ է պետք։ Ինչո՞ւ այդ դեպքում չեն ուզում գոնե բոլոր ծերերին թեստավորել։Նկատենք, որ մայիսի 16-ին՝ վարակի տարածման երրորդ ամսվա կեսին միայն, առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Նորքի տուն-ինտերնատում միանգամից 40 բնակիչների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Նաեւ անձնակազմից մի քանի անձ է վարակվել։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակն էլ լրացրեց տագնապը՝ ասելով, որ «պացիենտների տարիքը եւ ուղեկցող քրոնիկական հիվանդությունները հաշվի առնելով, սա վտանգավոր է»:

Ինչո՞ւ ծերանոցում ապրող բոլոր ծերերին չեք թեստավորում։ Հարցն ուղղեցինք թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին։ Նա կարծում է, որ բոլոր բնակիչներին թեստավորելու կարիք չկա։ Իր ղեկավարած հաստատությունն ունի թեստեր, որոնցով հետազոտում են միայն ծերանոցի աշխատակիցներին։

«Մենք անցել ենք 14 օրվա հերթափոխային աշխատանքի, այսինքն, 14 օր աշխատակիցները մնում են ներսում, գալ-գնալ չկա, ելումուտն արգելված է։ Այն հերթափոխը, որը որ պետք է գա, դարպասներից դուրս թեստավորվում է։ Այդ օրը պահակակետը դարձնում ենք բուժկետ։ Եթե թեստի պատասխանը բացասական տվեց, նոր մտնում են բուժկետ, մեկ անգամ էլ բժիշկն է ամբողջությամբ ստուգում։ Եթե մի փոքր կասկած ունի անգամ, այդ մարդն էլ ներս չի մտնում։ Այդպես աշխատողի ստուգման 2-3 փուլ ենք անցնում ներս մտնելուց առաջ։ Էլ ներսի ժողովրդին թեստավորելու միտք չկա»,- համոզված է Վահան Զուրաբյանը։

Ծերանոցներում ապրող տատիկ-պապիկներին տարածքը լքել խստիվ արգելված է։ Նրանք կարող են դուրս գալ բակ, պտտվել, նարդի խաղալ։ «Մենք մաքսիմում փակ ենք, սրանից ավել փակ չի լինի։ 5 հեկտար է մեր տարածքը, իրենց կյանքում, ապրուստում ոչինչ չի փոխվել, ուղղակի տարածքից դուրս չեն գալիս ո՛չ խնամյալները, ո՛չ էլ աշխատողները, եւ ծանրոցներ չի կարելի փոխանցել»,- պատմում է տնօրենը։