«Ընկեր Հովակիմյանը զանգեց, ասեց՝ շուտ իջի բակ։ Զարմացա։ Սպասում էի, որ դասարանով Zoom-ով ենք միանալու ու առավոտյան շուտ էի արթնացել։ Իջա բակ, ընկեր Հովակիմյանի անակնկալները տեսա, շատ ուրախացա։ Արդեն երկուսուկես ամիս է՝ չէինք հանդիպել»,- պատմում է Մանե Արզումանյանը։

Մանեն այս տարի ավարտում է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Հերացի» ավագ դպրոցը։ Նրա Վերջին զանգը շնորհավորելու համար երեկ առավոտյան այցելել է դասղեկը՝ Սիրանուշ Հովակիմյանը։

Մանեն շատ է տխրել, երբ իմացել է, որ կորոնավիրուսով պայմանավորված` Վերջին զանգ և տոնական միջոցառումներ չեն լինելու:

Բայց ուրախ է, որ ընկեր Հովակիմյանը չկայացած Վերջին զանգը բերեց իրենց բակ։ Մանեին ուսուցիչն առաջինն է գնացել շնորհավորելու։

Հեռվից դասընկերներին տեսնելու և նրանց շնորհավորելու համար Մանեն որոշել է ուսուցչի հետ շրջել նրանց բակերով։ Նա տեսանկարահանել է իրենց բակային Վերջին զանգը. հետագայում մի ամբողջական պատմություն կպատրաստի և կփոխանցի մյուս դասընկերներին։

«Հերացի» ավագ դպրոցի ուսուցչուհի Սիրանուշ Հովակիմյանը 12-րդ դասարանի իր աշակերտների Վերջին զանգը երեկ շնորհավորել է նրանց բակերում։ Ուսուցիչը որոշել է անակնկալ այցելել իր 29 աշակերտին։

«Զանգահարեցի աշակերտներին, ասացի՝ արագ իջնեն բակ, նրանց կրծքին ամրացրի անվանական զանգը, տվեցի թուղթ ու գրիչ, որտեղ գրեցին իրենց երազանքները ու ամրացրին գազով փուչիկի ժապավենին։ 29-րդ երազանքն ամրացնելուց հետո, այն բաց կթողնեմ երկինք»,- ասում է Սիրանուշ Հովակիմյանը։

Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը փոխեցին ուսուցչի և աշակերտների ավարտական միջոցառման ծրագրերը: Ասում է՝ աշակերտները շատ էին տխրել, որ դպրոցին հրաժեշտ տալիս որևէ տոնական միջոցառում չի լինելու:

«Որ զանգահարում էի, ասում էի՝ իջեք բակ, զարմանում էին, ասում՝ ո՞նց, հիմա՞, ինչու՞։ Տղա աշակերտ ունեմ, զանգահարեցի, քնած էր, հեռախոսը չվերցրեց, ստիպված զանգահարեցի մայրիկին, խնդրեցի՝ արթնացնի և բակ իջեցնի։ Խեղճը քնաթաթախ եկավ։ Եղան դեպքեր, երբ հասանք երեխաների բակ, պարզվեց, որ իրենց բնակության վայրերը փոխել էին»,- ծիծաղելով պատմում է ուսուցչուհին։

Սիրանուշ Հովակիմյանն արդեն այցելած աշակերտներին խնդրել է իր այցելության մասին մյուս համադասարանցիներին չտեղեկացնել, որ անակնկալը ստացվի։

«Ես սիրում եմ միշտ տարբերվող, գժական, անհավատալի մտքեր հղանալ ու իրականացնել: Արտակարգ դրության պայմաններից ելնելով` մտածել էինք այդ օրը Zoom հարթակով միանալ և միմյանց շնորհավորել։ Հետո որոշեցի, որ, ոչ, ամեն գնով ես իմ էրեխեքի օրն անմոռանալի ու էմոցիոնալ եմ դարձնելու, և եկավ այս միտքը»,- ասում է Սիրանուշ Հովակիմյանը։

Սիրանուշին ուղեկցել է հայրը: Նախապես որոշել են երթուղին: Շրջել են Երևանի 6 վարչական շրջանով։ Բակերում Վերջին զանգի մթնոլորտ ստեղծելու համար տոնին նվիրված երգեր են միացրել։

Որպեսզի երեխաները տանը լինեին, և կարողանար նրանց անակնկալ մատուցել, Սիրանուշն աշակերտների ծնողներին նախապես զգուշացրել էր՝ մայիսի 21-ին Zoom ծրագրով աշակերտներին է միանալու դպրոցի տնօրենը` նրանց Վերջին զանգը շնորհավորելու։

Սիրանուշի այցն աշակերտներին տեւել է մոտ 12 ժամ. առավոտյան 10:00-ից մինչև 22:00-ն: Միայն մեկ աշակերտի չի հաջողվել հանդիպել. նա մայրաքաղաքում չի եղել: Նրան հանդիպելուց, անվանական զանգն ու թղթի վրա գրված երազանքը փուչիկին ամրացնելուց հետո, այն երկինք բաց կթողնի:

Նյութի աղբյուրը՝  hetq.am