«Մենք պարետատան նիստեր ենք անում ամենօրյա ռեժիմով: Բոլորին է հետաքրքիր, թե ինչու են կորոնավիրուսի թվերն աճում արագությամբ եւ նոր բռնկում է սկսվել: Այսօր էլ քիչ առաջ մենք նիստ արեցինք եւ հասկացանք, թե ինչու են թվերը սկսել աճել ավելի շատ»: Այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պատճառների մասին:

«Պատճառն արտադրական ձեռնարկություններն են, ավելի ճիշտ՝ դեպքերի 80 տոկոսը: Երբ որոշում կայացվեց արտադրական ձեռնարկությունները բացելու եւ սահմանափակումները վերացնելու մասին, մենք գիտեինք, որ դա բերելու է նման հետեւանքների: Պարետատունը հստակ կանոններ է սահմանել, ընդ որում՝ ձեռնարկությունների համար: եթե այդ կանոնները պահպանվեն, իհարկե նման դեպքեր չեն լինի:

Իհարկե հարցեր կան, թե ինչու հանվեցին սահմանափակումները այս պարագայում: Մենք հասկացանք, որ տնտեսական առումով փակված չենք կարող մնալ այլեւս: Այստեղ կա 2 ընտրություն՝ զուտ առողջապական եւ զուտ տնտեսական: Մենք փորձել ենք եւ փորձում ենք ընտրել միջին տարբերակը: Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք այս պահին, որը շատ վտանգավոր է, բայց կարող ենք փաստել, որ մենք գնաճի առումով ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք աշխարհում, նաեւ՝ ազգային արժույթի տատանումներ չունենք:

Այս ամենի հետ մեկտեղ մենք փորձեցինք օգնել հազարավոր քաղաքացիների՝ նրանց սոցիալական աջակցություն տրամադրելով: Այժմ կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է:

Առաջին հերթին այս դեպքում մենք պետք է խստագույն վերահսկողություն սահմանենք, ընդ որում՝ պատժողական խիստ քաղաքականություն նաեւ: Պետք է նաեւ շարունակենք բացատրել մարդկանց: Շատերը անլուրջ են մոտենում այս տրամաբանությանը, բայց ինձ համար էլ սա գաղափարախոսական հարց է՝ մարդկանց գիտակցության վրա աշխատելը, նրանց բացատրելը: Իմ բանաձեւը 10 տարի առաջ էլ, հիմա էլ նույնն է, անհատի վարքագծի փոփոխություն, անհատական փոփոխություն՝ արդյունքի հասնելու համար: Իհարկե, պարետատունը սա կիրևառում է, բայց այսուհետ սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները, բանկերը, մնացած կետերը անվտանգության կանոնները խախտելու դեպքում ամենախիստ ձեւով փակվելու են, եթե նախկինում խանութը փակվում էր 24 ժամով, այժմ փակվելու է 1 ամսով եւ անհատապես նշվելու են բոլոր այն վայրերը՝ սրճարանները, ռեստորանները, որոնք անպատասխանատու են հիգիենիկ եւ համաճարակային կանոնները պահպանելու հարցում: Թող մարդիկ իմանան, թե որտեղ են վտանգում իրենց առողջությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսուհետ բոլոր առեւտրի կետերում՝ շուկաներում, խանութներում, ցանկացած առեւտրային տարածքում դիմակի կրումը պարտադիր է: Պարտադիր է լինելու նաեւ սեփական մեքենաներում երթեւեկելիս: