Իրավիճակը շարունակում է մնալ լարված, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր կողմից ձեռնարկվող միջոցառումները պետք է շարունակաբար և կարգապահորեն պահպանվեն, որպեսզի աճի թիվը կարողանանք պահել նույն շրջանակում և սկսենք աճի թիվն իջեցնել, որ ունենանք համավարակի մարում։ Այս պահին 316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53՝ ծայրահեղ ծանր, և 17 թոքերի արհեստական օդափոխության սարքերի միացված քաղաքացի»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ ինտենսիվ թերապիայի գծով մահճակալային ֆոնդը համալրվում է, առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում մահճակալների թիվը կավելանա 100-ով, որից 50-ը կլինի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում։ Նախարարը նշեց, որ գրեթե բոլոր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում կան առանձնացված հատվածներ կորոնավիրուսով վարակվածների համար:

«Երեկ մահերի ռեկորդային վատ ցուցանիշ ենք գրանցել՝ 15 մահ: Այս հիվանդության ծանրությունը հենց այն է, որ չկա երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին հարյուր տոկոսով դրական ելքով դուրս կգա հիվանդությունից»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նաև նշեց, որ ասիմպտոմ դեպքերի բուժումը պոլիկլինիկաներում շարունակելու գործընթացը լարվածություն է առաջացրել: Թորոսյանը կոչ արեց դիմել թեժ գիծ: