Մայիսի 27-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Խորենացու փողոցի տերմինալը փորձում են գողանալ: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:

Քրեական հետախույզներն անմիջապես մեկնել են դեպքի վայր և մինչ նշված հասցե հասնելը` նկատել են կասկածելի անձանց, որոնք դիմել են փախուստի։ Ոստիկանները հետապնդել ու Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում բռնել են 22 և 26-ամյա երկու երիտասարդի: Նրանք բերման են ենթարկել բաժին: Պարզվել է, որ ժամը 03.30-ին երիտասարդները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են վճարային տերմինալը և դրամարկղից գումար գողացել: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղադրամներ:

Պարզվել է նաև, որ մայիսի 21-ին և 24-ին երիտասարդները նույն եղանակով գողացել են նաև Մաշտոցի պողոտայի և Աբովյան փողոցի վճարային տերմինալների մետաղադրամի և թղթադրամի ընդունիչ սարքերը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Երիտասարդները ձերբակալվել են։ Քննությունը շարունակվում է։