Lragir.am-ի հարցերին պատասխանել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայի տնօրենի մեծահասակ բնակչության գծով տեղակալ, ընտանեկան բժիշկ Հեղինե Պետրոսյանը

Տիկին Պետրոսյան, կորոնավիրուսի դեպքերի թվի ավելացմանը զուգահեռ առաջնային օղակը պատրա՞ստ է անցնցում վարելու ասիմպտոմ և թեթև դեպքերի ընթացքը։

Ծանրաբեռնվածություն բնականաբար ունենք, քանի որ հիվանդների թիվն ավելացել է։ Դրան զուգահեռ մեր պոլիկլինիկայում մեկուսարանների թիվն ենք ավելացրել։ Ջերմող ու սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով բոլոր հիվանդները առանձին մուտքով մոտենում են առանձին կահավորված սենյակներ, բժիշկը կատարում է իր հետազոտությունը։ Ունենք հինգ մեկուսարան, որից մեկը նմուշառման համար է նախատեսված, Երևանում միայն մենք ունենք նմուշառման սենյակ, այսինքն՝ տեղում ենք կազմակերպում նմուշառումը։ Կասկածելի դեպքերի ՝ թոքաբորբերի, հղիների, բուժաշխատողների պարագայում անմիջապես կատարում ենք նմուշառում։

Մեր պոլիկլինիկայում ունենք 33 տեղամասային թերապևտներ։ Այն տեղամասային թերապևտները, ովքեր չեն գտնվում ռիսկի գոտում, երիտասարդ են, ընդգրկված մեկուսարանում աշխատելու աշխատանքներին։ Մեր մասնագետները բավական պատրաստված են այդ աշխատանքներին։ Տվյալ պահին դեռ ռեսուրսներ ունենք, որ կարող ենք էլ ավելիին դիմակայել, բայց հետոյի մասին ոչինչ չեմ կարող ասել։

Վերջին օրերին հաստատված դեպքերն ու մահերը աճում են, ինչո՞վ է պայմանավորված թվերի աճը, մարդիկ լուրջ չե՞ն վերաբերվում այս հիվանդությանը, թե՞ այլ գործոններ էլ կան։

Մի քանի պատճառ կա։ Թվերի ավելացման պատճառներից մեկը նմուշառումների ավելացումն է։ Եթե նախկինում օրական 100-200 նմուշառում էր կատարվում, այսօր օրական մինչև 1500 է կատարվում։ Բնականաբար, թեթև ու անախտանիշ ձևերի նմուշառում էլ է կատարվում, որը թվի ավելացման է բերում։

Մյուս գործոնն այն է, որ, ցավոք, մենք ունենք բնակիչներ, ովքեր լուրջ չեն վերաբերվում այս հիվանդությանը, իրենց շփումը չեն սահմանափակում, անհատական հիգիենայի կանոնները չեն պահպանում։ Մենք ունենք բնակիչներ, ովքեր գտնվում են կարանտինի ու բժշկական հսկողության տակ, բայց խախտում են կանոնները։ Իրենք իրենց պահվածքը այսպես են բացատրում՝ «ես վարակի տարածման աղբյուր չեմ»։ Հավանաբար անլրջությունն է պատճառը, որ նման իրավիճակ ունենք։ Բայց դրան զուգահեռ, մենք ունենք նաև բազմաթիվ բնակիչներ, ովքեր շատ լուրջ են վերաբերվում այս հարցին և իրենց ինքնամեկուսացման վայրից մեկ քայլ անգամ չեն անում։ Մենք տանը հեռախոսազանգերի միջոցով ենք նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնում, կարիքի դեպքում մեր մեքենաներով մոտեցնում ու տեղում հետազոտում ենք և հաստատված դեպքերը, և կոնտակտավորներին։ Մարդիկ գալիս են, նմուշառում ենք վերցնում, իրենց զզուշացնում ենք, որ առաջիկա երկու օրը, նախքան նմուշառման պատասխանն ստանալը, իրենք ինքնամեկուսացման կանոնները չպետք է խախտեն, ներկայացվում է, թե ինչպես պետք է շփվեն տան անդամների հետ։ Բայց մարդը կարող է հաջորդ օրը գալ ու հարցնել իր նմուշառման պատասխանի մասին, այդքան զգուշացնելուց հետո։

Ասիմպտոմ և թեթև ընթացքով դեպքերի քանի՞ տոկոսն է որպես կանոն վերածվում ծանր դեպքերի։

Ասիպտոմ դեպքերի համար գրեթե չկա վիճակագրություն վիճակի վատանալու վերաբերյալ, բայց, իհարկե, կարող են լինել նման դեպքեր։ Թեթև ընթացքով դեպքերի 10-15 տոկոսը երկու շաբաթ անց, ըստ միջազգային հետազոտական տվյալների, կարող են բարդանալ։ Եվ բարդանալու դեպքում արագ կազմակերպվում է նրանց հոսպիտալացման գործընթացը։

Ինչ-որ տեղեկատվություն կա՞, թե ինչ պատճառներով են թեթև դեպքերը միանգամից բարդանում։

Այդ հարցի պատասխանն ամբողջ աշխարհում չկա։ Բնականաբար, մենք դա կապում ենք նաև իմունիտետի ակտիվացման հետ։ Մենք չենք միջամտում իրենց իմունիտետին, իրենք պետք է պահպանեն առողջ սննդակարգը, մենք ասում ենք, որ հնարավորինս շատ հեղուկ, բանջարեղեն օգտագործելը կբարձրացնի իմունիտետը, բայց անհասկանալի ձևով կարող է լինել վիճակի բարդացում, թոքաբորբ։ Չկա որևէ ապացուցողական փաստ, թե ինչու է այդպես։ Կան նյութեր, որ վիտամին b-ի օգտագործումն ավելացնում է իմունիտետը, որ ավելացնելով վիտամին b-ն, քիչ բարդություններ կունենանք, բայց ապացուցողական փաստ չունենք։ Դեռ չկա նման վիճակագրություն, թե ինչը կարող է նպաստել բարդությունների առաջացմանը և ինչը կարող է չնպաստել։

Նշեցիք, որ հաստատված դեպքերի ավելացումը կապ ունի շատ թեստավորման հետ։ Կարո՞ղ ենք ասել, որ իրականում բնակչության շրջանում այս վիրուսն ավելի տարածված է, քան իրական թվերն են, և որքան շատ թեստ իրականացնենք, այնքան շատ դեպք կհայտնաբերվի։

Բնականաբար, անախտանիշ դեպքերն իրենք էլ չգիտեն, որ հիվանդ են։ Չհետազոտվելով՝ իրենք չեն իմանա, որ վարակ ունեն։ Օրինակ՝ ինչո՞ւ է Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը շատ, բայց մահացությունը ցածր։ Պատճառն այն է, որ մեծ թվով նմուշառում է իրականացվում այն մարդկանց շրջանում, ովքեր գանգատ չունեն։

Իսկ հիվանդացությունը Հայաստանում ձեր կարծիքով որ փուլում է։

Կարծում եմ՝ դեռ վաղ է հիվանդության պիկի մասին խոսելը, մի փոքր ժամանակ պետք է անցնի, և ըստ թվերի կհասկանանք, թե որ պահին ենք պիկին մոտեցել։ Այս պահին, քանի որ մեզ մոտ դեռ թվերի աճ է նկատվում, չենք հասել պիկին։ Այն պահին, երբ կունենանք թվերի նվազում, իրավիճակի վերաբերյալ պատկերացում կկազմենք։

Աշնանը կարող է նորից պիկ լինել, քանի որ աշնանը ունենում ենք եղանակի փոփոխություն, շատ փակ տարածքներ։ Դա կարող է նպաստել վարակի նոր բռնկմանը։ Բայց մեկ դրական միտում կա այս ամենի մեջ՝ մենք իմունիտետ ենք ձեռք բերում։ Մենք հիմա կոլեկտիվ իմունիտետ ձեռք կբերենք։ Եվ որքան այդ կոլեկտիվ իմունիտետը բարձր լինի, շատ ավելի լավ է, որ դա ամռան ամիսներին լինի։ Այն, որ մարդիկ մեկուսացվեցին հյուրանոցներում, տարբեր բուժհիմնարկներում, դա ձգձգեց պրոցեսը, մենք պատրաստ եղանք այս իրավիճակին։ Հիմա էլ կունենանք կոլեկտիվ իմունիտետ, իսկ եթե տվյալ օրգանիզմում արդեն լինեն հակամարմիններ, բնակականաբար կոնտակտի պարագայում նա չի վարակվի։ Միակ դրականը սա է։

Նյութի աղբյուրը՝ Lragir.am