Պարտադիր չէ, որ մարդիկ հիվանդանան կորոնավիրուսով՝ դրա գոյությանը հավատալու համար:

ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրությունն ահազանգ է ստացել մի քաղաքացուց, ում հայրն օրերս Մոսվայում մահացել է կորոնավիրուսից, իսկ մայրն ու եղբայրն այս պահին հիվանդ են:

«Խնդրանքս է բոլորին, որ ավելի ուշադիր լինեն, հիվանդությունն անտեսանելի է և ամենուր: Մարդը կարող է հիվանդ լինել ու չիմանալ այդ մասին, սիպտոմ չունենալ: Այդպես եղավ հորս հետ, ով առողջական խնդիրներ չի ունեցել, իր ոտքով գնացել է հիվանդանոց, իսկ օրեր անց այնտեղ մահացել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա նշում է, որ ընտանիքի պատմությունը բարձրաձայնելու համար հիմք է հանդիսացել քաղաքացիների ոչ այնքան լուրջ վերաբերմունքը վիրուսի հանդեպ. «Խնդրանքս է, որպեսզի մարդիկ ավելի լուրջ վերաբերվեն վիրուսին, դիմակ կրեն: Ես այն մարդն եմ, ով վիրուսի պատճառով կորցրել է հորը: Ընտանիքիս մյուս անդամները վարակված են, իսկ ես այստեղ եմ ու ոչնչով չեմ կարող նրանց օգնել: Բայց, եթե նույնիսկ այնտեղ լինեի՝ չգիտեմ ինչպես կկարողանայի օգտակար լինել, խնամել ու հոգ տանել նրանց մասին: Հիմա միայն աղոթում եմ»:

Մելինեն Մ.-ը պատմում է, որ անգամ իր մտերիմների շրջանակում է նկատում անփույթ վերաբերմունք. «Նայում եմ ծանոթներիս ու ընկերներիս և չգիտեմ՝ որ մեկին ասեմ, որ զգուշանան։ Մարդիկ շարունակում են հավաքներ կազմակերպել, ուրախանալ, ասում են, որ սովորական գրիպ է, ոչինչ էլ չի լինի, բայց ես գիտեմ, որ այդպես չէ: Խնդրանքս է, որ մարդիկ զգաստանան, թույլ չտան, որ սեփական դժբախտությունից հետո սկսեն հավատալ, վախենալ ու զգուշանալ: Այս հիվանդությունը բոլորին է դիպչում և անգամ գումարը չի փրկում»:

Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=371647&l=am