Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը 2019 թվականի ընթացքում շարժական կամ անշարժ գույք չի գնել։ 2019 թվականի դրությամբ նա ունեցել է մեկ հողամաս Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և նվեր ստացած առանձնատուն՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

Պատգամավորն ունի երկու ավտոմեքենա՝ 2011 թվականի արտադրության Lexus և 2015 թվականի արտադրության Mercedez-Benz մակնիշի ավտոմեքենաներ։ Դրանցից առաջինը նա գնել է 2014 թվականին, իսկ ահա Mercedez-ը նա գնել է հենց թողարկման տարում։ Դավիթ Մանուկյանը Մետրոպոլ ՍՊԸ-ից 2019 թվականին ստացել է 67 մլն դրամ՝ որպես փոխառություն։

2019 թվականին Մանուկյանը նաև թանկարժեք գույք է ձեռք բերել՝ 8 մլն դրամը գերազանցող։ Դրանցից 27 մլն դրամանց արվեստի գործ է գնել Մոսկվայից, բացի այդ որպես նվիրատվություն ստացել է 16 մլն դրամ արժողությամբ արվեստի գործ հորից՝ Անդրանիկ Մանուկյանից և 10 մլն դրամ թանկարժեք զարդ կնոջից՝ Գայանե Ծառուկյանից (Գագիկ Ծառուկյանի դուստրը)։ Բացի այդ, նա 2018 թվականին է գնել էր 9 մլն դրամ արժողությամբ թանկարժեք գույք և 8 մլն դրամ արժողությամբ արվեստի գործ։

Բանկային հաշիվներում առկա միջոցները եղել են՝ 1 մլն 280 հազար դոլար, իսկ կանխիկ՝ 190 մլն դրամ և 160 հազար դոլար։ Բացի 8 մլն դրամ պատգամավորական աշխատավարձից, նա Ռ.Մելքոնյան և ընկերներ ՍՊԸ-ից ստացել է 26 մլն դրամ՝ որպես շահաբաժին և 52 հազար դոլար՝ բանկից։

Նրա կինը՝ Գայանե Ծառուկյանը, հանդիսանում է Պրինցես Անահիտ ՓԲԸ-ի 100 տոկոս սեփականատերը։ Բանկում առկա դրամական միջոցները եղել են՝2 մլն դրամ, 1900 դոլար և 3 հազար եվրո, իսկ կանխիկ՝ 36 մլն դրամ, 2000 ֆունտ ստեռլինգ, 4500 դոլար, 35 հազար եվրո։