Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 23-ին, Երևանում հանրային գույքը դիտավորյալ վնասելու փաստով: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 12:20-ի սահմանում ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Սեբաստիա 32/2 հասցեի Հայորդաց տան մոտի խոտածածկ տարածքը դիտավորությամբ այրել են: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն այդ արարքը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել Արարատի մարզի 42-ամյա բնակիչ Արմեն Սարգսյանին:

Պարզվել է՝ կասկածյալը ծխախոտի մնացորդը նետել է խոտածածկ տարածք, ինչի հետևանքով այրվել է Ռ. Մելիքյան փողոցին հարակից խոտածածկ տարածքը: Կրակի դեմ պայքարել է հրշեջ-փրկարարների 3 մարտական հաշվարկ: Հրշեջները 4 ժամից ավելի պայքարել են նախ կրակի տարածման դեմ, ապա մարել են այն: Այրվել է խոտածածկ տարածքն ու մեծ թվով ծառեր։ Կրակը մարելուց հետո հրշեջները նկատել են, որ բազմաթիվ ծառեր վնասվել են, սակայն մի ծառ, որի վրա խաչ է ամրացված եղել, չի այրվել: