ՀՀ 2-րդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ օրերս խորհրդարանի ընդունած ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթին, որն ուժի մեջ է մտնում հունիսի 26-ից:

«Խորհրդարանական երկու խմբակցություններ հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, որ ամբողջությամբ ապօրինի փաթեթ է և չի համապատասխանում Սահմանադրությանը։ Ֆրակցիաներից մեկը պառլամենտի իրավունքները պաշտպանելու, պառլամենտարիզմը չոտնահարելու նախապայման հնչեցրեց Ռ․ Քոչարյանի գործը: Պարոն Քոչարյանի հետ այսօր վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից: Հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համաձայն որի՝ խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրնեքի համապատասխան հոդվածը, հետ վերցնել մեր ներկայացված երկու դիմումները: Այսինքն՝ այն դիմումները, որ ներկայացրել էինք մոտ մեկ տարի առաջ, որոնք վերաբերում էին 300.1, հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին: Ռ․ Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները»,- հայտնեց Օրբելյանը: